Օգոստոսի 4-ին Ինժեներական քաղաքում անցկացվել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարի պաշտոնական բացման արարողությունը, հայտնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Cisco Networking Academy-ի և «Թվային տնտեսության ինստիտուտ» հիմնադրամի համագործակցությամբ։ Ծրագիրն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և նպատակաուղղված է երիտասարդների թվային ու տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը՝ միջազգային կրթական հնարավորություններն ավելի լայն շրջանակի համար հասանելի դարձնելու նպատակով։
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա կարևորել է Cisco-ի հետ ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ նախորդ տարում ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսված նախաձեռնություններն ամբողջությամբ առաջ են ընթացել և նպաստել են Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Hardware Engineering (Cisco Systems) տնօրեն Արսեն Մանուկյանը, որը վերահաստատել է Cisco-ի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը նման նախաձեռնություններին՝ կարևորելով դրանց նշանակությունը թվային հմտությունների զարգացման, երիտասարդների կրթության և միջազգային կրթական հնարավորությունների հասանելիության ընդլայնման գործում։
Բացման միջոցառման ընթացքում կազմակերպվել են թեմատիկ վարպետության դասեր, որոնց շրջանակում մասնակիցները ծանոթացել են արդի տեխնոլոգիական միտումներին, մասնագիտական աճի հնարավորություններին և արհեստական բանականության դարաշրջանում պահանջված հմտություններին։
Միջոցառման ավարտին ներկայացվել են ծրագրի հաջորդ փուլերը, ինչպես նաև երեքշաբաթյա կրթական ճամբարի կազմակերպչական մանրամասները։
Cisco Networking Academy Camp Armenia 2026-ի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան անվճար մասնակցելու հետևյալ դասընթացներին՝
Թվային գրագիտություն (Digital Awareness)
Կիբեռանվտանգության ներածություն (Introduction to Cybersecurity)
Հետաքննության արվեստ (The Art of Investigation)
Ժամանակակից արհեստական բանականության ներածություն (Introduction to Modern AI)
Մրցունակ ինքնակենսագրականի կազմում՝ արհեստական բանականության գործիքների կիրառմամբ (Update Your Resume with AI)
Ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը։





