ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Արագածոտնի մարզում ժամանակակից տվյալների կենտրոն հիմնելու նպատակով «ՎՍԴԱՏԱ» ընկերությանը մաքսային արտոնություն տրամադրելուն։
Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է կատարել 1․6 մլրդ դրամի կապիտալ ներդրում՝ մոտ 200 սերվերային պահարան տեղակայելու հնարավորությամբ տվյալների կենտրոն հիմնելու համար։ Կենտրոնի ծառայություններն ուղղված կլինեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան ընկերությունների՝ սերվերների տեղակայման կարիքների բավարարմանը, հայտնում է Արմենպրեսը:
Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 18 նոր աշխատատեղ՝ ամսական 374 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ընկերության հաշվարկների համաձայն՝ հաճախորդների մոտ 30 տոկոսը կլինեն միջազգային կազմակերպություններ։
Մաքսային արտոնություն ստանալու նպատակով ներկայացված սարքավորումների ընդհանուր արժեքը կազմում է 298․6 մլն դրամ։ Մաքսատուրքի վճարումից ազատման արտոնության գնահատված արժեքը 21․5 մլն դրամ է։





