Կառավարությունը հավանություն է տվել «TRIPP-Ի զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորվել է ՀՀ կառավարության անունից «Թի Դի Սի Յու Էս Ինք.» (TDC US Inc.) ընկերության հետ կնքել բաժնետիրական համաձայնագիրը:
Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու 5 անդամից, որից երեքին նշանակելու է ամերիկյան, իսկ երկուսին՝ հայկական կողմը։
Ընկերությունում Հայաստանն ունենալու է 26 տոկոս բաժնեմաս, իսկ ամերիկյան կողմը՝ 74 տոկոս, հայտնում է Aysor.am-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում համաձայնագիրը կստորագրվի ու ընկերությունը կգրանցվի Հայաստանում։
«Մեր անկախությունից ի վեր՝ սա ամենամեծ տնտեսական նախագիծն է»,- ասել է նա։
Բաժնետիրական համաձայնագրով կկարգավորվեն կողմերի միջև հարաբերությունները, կսահմանվեն նրանց իրավասություններն ու բաժնետոմսերից բխող իրավունքների իրացման առանձնահատկությունները։
Հայկական կողմի գործընկեր «TDC US, inc»-ը հիմնադրվել է ԱՄՆ Դելավեր նահանգում։ Ընկերությունն ամբողջությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի սեփականությունն է, գրում է Sputnik Արմենիան:
Համաձայնագրով սահմանվելու է հարցերի 16 խումբ, որոնց առնչությամբ որոշումների ընդունման համար պարտադիր է լինելու երկու կողմերի համաձայնությունը։
Դրանց թվում են քաղաքական նշանակություն ունեցող որոշումները, ընկերության սեփականության կառուցվածքում և ծրագրերում երրորդ կողմերի ներգրավումը, ներդրողների ընտրությունը, կոնցեսիոն պայմանագրերի պայմանների որոշումը, ընկերության գործադիր մարմնի ընտրությունը, գնումների քաղաքականության սահմանումը և այլ հարցեր։





