AM
26 Նոյեմբեր 2026 - 14:14 AMT

Լիլիթ Գալստյան․ ՄԻՊ-ի տարեկան զեկույցը պետք է անդրադառնա ՀԱԵ դեմ իշխանությունների արշավին

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն իրավահավասարության խնդիրներին նվիրված աշխատանքային քննարկման ժամանակ, ՄԻՊ Անահիտ Մանասյանին դիմելով, ասել է, որ ՀԱԵ-ն սովորական կրոնական կազմակերպություն չէ: Այդ մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հայ Առաքելական եկեղեցին Սահմանադրությամբ ամրագրված, հատուկ կարգավիճակ ունեցող ազգային ինստիտուտ է, և ՄԻՊ-ի 2026 թ․ տարեկան զեկույցը, որն ԱԺ է բերվելու 2027-ին**,** պետք է անդրադառնա Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած արշավին»,-ասվում է գրառման մեջ:

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկում է անցկացվել Կառավարության հեղինակած «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի և կից օրենսդրական փաթեթի շուրջ։

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»: