AM
6 Օգոստոս 2026 - 12:25 AMT

Գալյան․ Չեմ կարող մեկնաբանել Հաջիևի խոսքը, ասել ենք, որ Սահմանադրության նախագիծ ենք մշակում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին, ասել է, որ չի կարող մեկնաբանել, և որ ամեն դեպքում Սահմանադրությունը փոխելու նախագիծը մշակվում է։

«Չեմ կարող մեկնաբանել Հաջիևի խոսքը. ասել ենք, որ Սահմանադրության նախագիծ ենք մշակում»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա հավելել է, որ արդեն տարիներ շարունակ խոսվում է սահմանադրական բարեփոխումների մասին, և Սահմանադրությունը փոխել կամ չփոխելը Հայաստանի Հանրապետության ներքին խնդիրն է։

«Ժողովուրդն է որոշելու ունենա՞լ, թե չունենալ նոր Սահմանադրություն։ Բացարձակ գաղտնիք չէ, որ Սահմանադրության նախագիծը մշակվում է»,-ասել է նա:

Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստը դեռ քննարկումների փուլում է, իսկ հրապարակման ժամկետի վերաբերյալ վերջնական որոշում չկա, հայտնում է Factor.am-ը:

«Ի՞նչ տարբերություն, թե երբ պետք է հրապարակվի, եթե առանց հրապարակվելու դրա ընդունումը անհնար է։ Երբ էլ հրապարակվի, դրվելու է հանրային լայն քննարկման և շատ երկար ու մանրակրկիտ քննարկվելու է հանրության հետ»,- ասել է նա։

Այն հարցին, թե արդյոք իշխող մեծամասնությունը խնդիր ունի նոր Սահմանադրությունն Ազգային ժողովում ընդունելու համար անհրաժեշտ ձայներ ապահովելու հարցում, նախարարը պատասխանել է, որ իշխանության հանձնառությունը նախագիծը մշակելն ու հանրությանը ներկայացնելն է։

«Մենք խնդիր չունենք։ Մեր հանձնառությունն է մշակել Սահմանադրության նոր տեքստը և ներկայացնել հանրության դատին։ Հետո կչափենք հանրության ցանկությունները և կներկայացնենք Ազգային ժողով այնպես, որպեսզի Ազգային ժողովը հաստատի»,- ասել է նա։

Գալյանը նշել է, որ հնարավոր են նաև այլ ընթացակարգեր։

«Կան նաև մասնագիտական մոտեցումներ, որ ժողովրդավարությունը ենթադրում է ժողովրդի անկասելիությունն իր ցանկությունների ամրագրման համատեքստում, մասնավորապես՝ ստորագրությունների միջոցով։ Ես չեմ կարող հիմա գուշակություններ անել։ Ինձ համար լավագույն սցենարը կլինի այն, որ Սահմանադրության նոր տեքստը լինի այնպիսին, որ խորհրդարանը տա հավանություն։ Ես որևէ սցենար չեմ բացառում»,- ասել է նախարարը։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թուրքիայում հայտարարել է, որ Բաքուն ակնկալում է, որ ՀՀ Սահմանադրությունից կհանվեն այն դրույթները, որոնք «տարածքային նկրտումներ են պարունակում Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ»:

«ՀՀ-ում շուտով կսկսվի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը՝ նման ազդակներ ենք ստանում: Հնարավոր է, հանրաքվե անցկացվի: Այն բանից հետո, երբ տարածքային պահանջները կհանվեն ՀՀ Սահմանադրության նախաբանից, Ադրբեջանը խնդիր չի տեսնի վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում»,- ասել է Հաջիևը։