Հայաստանում խաղային ոլորտի կարգավորման օպերատոր է ընտրվել Մալթայում գրանցված Random Systems International Limited ընկերությունը, որը գործունեություն է ծավալում նաև Վրաստանում։
Որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 6-ի նիստում, հայտնում է Aysor.am-ը:
Նախագիծը ներկայացնելով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանը նշել է, որ դեռևս 2024 թվականին «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսվել են մի շարք բարեփոխումներ, որոնց թվում եղել է նաև նոր վերահսկողության գործիքակազմի ներդրումը՝ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով։
Հակոբյանի խոսքով՝ օրենքի ընդունումից հետո անցկացվել է համապատասխան մրցույթ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք օտարերկրյա կազմակերպություն։
«Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել Random Systems International Limited ընկերությունը, որն ունի համապատասխան փորձ և նույնանման գործունեություն է իրականացնում հարևան Վրաստանում՝ հանդիսանալով խաղային գործունեության կարգավորման օպերատոր»,-ասել է Հակոբյանը:
Նա շեշտել է, որ Կոմիտեն նպատակ ունի այս ընկերության հետ ստեղծել ժամանակակից և արդյունավետ թվային մեխանիզմներ և վերահսկողության գործիքակազմ։
Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ հաղթող ճանաչված ընկերությունը պարտավոր է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում ամբողջությամբ ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգը։





