«ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Բջնի» գործարանը հարկային որևէ չկատարված պարտավորություն չի ունեցել։
Նա հավելել է, որ «գործարանը խլվել է, և խլվել է հորինված պատճառներով»:
«Այս օրերին որոշ շահագրգիռ շրջանակներ կրկին փորձում են շահարկել Սերժ Սարգսյանի կողմից «Բջնի» հանքային ջրերի գործարանի խլման թեման. կեղծ հրապարակումներ են տարածում՝ պնդելով, թե իբր գործարանն ունեցել է հարկային պարտավորություններ։
Հիշեցնում եմ ևս մեկ անգամ. «Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել և գործել է բացառապես հաշիվ-ապրանքագրերով՝ օրենքի տառին լիովին համապատասխան։
Բոլորը գիտեն, որ գործարանը խլվել է, և խլվել է հորինված պատճառներով: Գործարանն ամիսներ շարունակ ստուգվել է, անգամ մեկ դրամի հարկային պարտավորություն չի ունեցել: «Բջնին» խլվել է այն տարիներին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի օրոք»,-գրել է նա:





