Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը Կիևի նկատմամբ կասկածներ է առաջացնում Երևանի՝ Մոսկվայի հետ դաշնակցային համագործակցության պատրաստակամության վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Ֆադեևը ճեպազրույցի ժամանակ:
«Այսպես թե այնպես, նշված քաղաքական գիծը, որի մաս են կազմում, անկասկած, նաև Կիևի ռեժիմի հետ ցուցադրական «խաղերը», լուրջ կասկածներ է առաջացնում Հայաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի հետ իրական դաշնակցային համագործակցության պատրաստակամության վերաբերյալ»,– ասել է Ֆադեևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ եթե Երևանը ձգտում է, որպեսզի հաշվի առնվեն իր շահերը, ապա Մոսկվան նույնպես կարող է նման ակնկալիքներ ունենալ հայկական կողմից։
Ֆադեևը նշել է, որ Ռուսաստանում առայժմ տպավորություն ունեն, թե Հայաստանի ղեկավարությունը երկկողմ հարաբերությունները դիտարկում է որպես միակողմանի գործընթաց, և հավելել է, որ Մոսկվան ակնկալում է ավելի իրատեսական և հավասարակշռված մոտեցում։
Մայիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցել է Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանի ղեկավարությունը չի արձագանքել Զելենսկիի՝ մայիսի 9-ին Մոսկվային հարվածներ հասցնելու վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին՝ չնայած նախկինում հավաստիացրել էր, որ Ռուսաստանի դեմ քայլեր չի ձեռնարկի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետագայում հայտարարել էր, որ խնդիր չի տեսնում Զելենսկիին Երևան հրավիրելու հարցում, քանի որ Հայաստանը չի համարում իրեն Ռուսաստանի դաշնակիցը Ուկրաինայի հարցում։





