ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, քննարկել Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության կարևորությունը։
Ռուբինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են և կարևորել խնդրի կարգավորումը՝ երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային հիմքի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների շրջանակներում։
Քննարկվել է նաև ՀՀ և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգը։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ակնկալվող՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը կարող է գործնականում հնարավոր դառնալ միայն Հայաստանի կողմից ԵՄ պաշտոնական դիմում ներկայացնելուց և գործընթացի՝ առարկայական փուլ մտնելուց հետո։
Զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու բաց երկխոսությունը՝ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման և երկկողմ օրակարգի հարցերի շուրջ փոխըմբռնման ամրապնդման նպատակով»։





