Իսրայելցի հրեա ծայրահեղականները Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի՝ Ուիլյամի վրա և վախեցրել նրան։ Դեպքի մասին X-ի իր էջում հայտնել է Իսրայելում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը։
Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ Յոմ Կիպուրի օրը (հուդայականության ամենասուրբ և կարևոր տոնն է, որը հայտնի է նաև «Քավության օր» կամ «Ապաշխարության օր» անվամբ` խմբ․), գրում է Sputnik Արմենիան:
Տղան հեծանիվ վարելիս ականջակալներով երաժշտություն է լսել։ Ծայրահեղականները մոտեցել են նրան և սպառնալից պահանջել հանել ականջակալները։ Լսելով, որ տղան անգլերեն է խոսում՝ նրանցից մեկն ասել է․ «Ոչ մի անգլերեն, հրեաներ են այստեղ»։
Այնուհետև պղպեղային գազասրվակը փչել են նրա դեմքին։
Բալյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ լսվում է, թե ինչպես է տղայի մայրը փորձում հանգստացնել նրան՝ հավաստիացնելով, որ նրա քույրիկի՝ Արևի հետ ամեն ինչ կարգին է։





