Փետրվարի 28-ին և մարտի 1-ին, Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ և թեմակալ առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցավ քահանայից հավաքը: Ավանդական ամենամյա հավաքին մասնակցում էին Մայր Աթոռի կառույցներում, վանքերում և Հայաստանի ու Արցախի թեմերում ծառայող շուրջ 250 եկեղեցականներ: Հավաքի քննարկման նյութն էր «Ընտանիքը և հոգևոր հովիվը»: Մայր Աթոռի միաբան Տ. Շահե աբեղա Անանյանը եկեղեցականներին ներկայացրեց «Ընտանիքը և հոգևոր հովիվը» թեմայով զեկույց, որի շուրջ տեղի ունեցան քննարկումներ: Քննարկումների ավարտին հոգևորականաց դասը հանդես եկավ հայտարարությամբ, որում ընդգծեց հայրենի պետության և հասարակության կյանքում ընտանիքի բացառիկ արժեքը և ազգապահպան առաքելությունը:
«Մեր հովվական ծառայության ընթացքում, սակայն, ականատեսն ենք հասարակական գիտակցության ու վարքի մեջ դրսևորվող մտահոգիչ երևույթների, որոնք նաև հետևանքն են մեզանում հոգևոր կյանքի ու ավանդական բարոյական արժեքների տկարացման, սոցիալական ու տնտեսական դժվարությունների: Հայ ընտանիքում ընտանեկան բնական կյանքի խաթարման և հաճախ ամուսնալուծության պատճառ է դառնում դրանից բխող դառն հետևանքներով նաև տարբեր կրոնական կազմակերպությունների և շարժումների քայքայիչ գործունեությունը: Այս ամենով մտահոգված` ընդգծում ենք անհրաժեշտությունը մեր հովվական ծառայության մեջ առավել գործուն ջանքեր ներդնելու` ի զորացումն Եկեղեցու և ընտանիքի դարավոր կապի` հանապազորյա խնամքով, եկեղեցա-ծիսական արարողություններով, նախաամուսնական և հետամուսնական շրջանում զույգերի հետ իրականացվող հետևողական հոգևոր-խորհրդատվական ծառայություններով: Ամուսնացող զույգերին հորդորում ենք ամուսնության նկատմամբ առավել պատասխանատու մոտեցում ցուցաբերել և Ս. Պսակի խորհուրդն ընդունել որպես անշահախնդիր սիրո, միմյանց սատարումի և հոգատարության անքակտելի սուրբ միություն»,- նշվում է հայտարարության մեջ:
Ժողովի ավարտին ներկա հոգևորականներին հայրապետական իր պատգամը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ընդգծեց ժողովի քննարկման նյութ դարձած հայ ընտանիք-եկեղեցի կապի ամրապնդման այժմեականությունը` նշելով, որ հովիվները պետք է մանուկ հասակից զբաղվեն երիտասարդների հոգևոր դաստիարակությամբ, ամենօրյա հովվական հետևողական աշխատանքով ու հոգատարությամբ զերծ պահեն երիտասարդ ընտանիքներին տարբեր տեսակի դժվարություններից ու փորձություններից:
Ժողովի ամփոփումից հետո Մայր Տաճարում հոգևոր դասը մասնակցեց երեկոյան ժամերգության և ս. Ղևոնդյանց քահանաների տոնի նախատոնակին: Մարտի 1-ին` Ս. Ղևոնդյանց տոնին, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագից հետո Վեհարանում տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ավագ քահանայության պատիվ շնորհեց մի շարք հոգևորականների, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:





