AM
9 Հոկտեմբեր 2026 - 18:46 AMT

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցեր

Հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին, անդրադարձել տարածաշրջանում կայունության պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված հարցերին։

Ռուբեն Ռուբինյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպական միության դիտորդական առաքելությանը մինչ այժմ կատարած աշխատանքի համար։

Նա միաժամանակ կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության շարունակականության ապահովումը և դրա հետագա զարգացումը։

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է: