AM
25 Նոյեմբեր 2026 - 12:35 AMT

ՍԴ նախագահը Ստրասբուրգում կմասնակցի միջազգային համաժողովի

Սահմանադրական դատարանի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կմասնակցի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և իշխանությունների տարանջատման հարցերին նվիրված համաժողովին։

Նա համաժողովին կմասնակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գույոմարի և Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Մարթա Կարտաբիայի հրավերով։

Նոյեմբերի 26-ին կայանալիք «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովը համատեղ կազմակերպել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և Հանրային ծառայության ազգային ինստիտուտը։

Համաժողովի մասնակիցների թվում են Իտալիայի և Ավստրիայի սահմանադրական դատարանների ղեկավարները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահն ու դատավորները, Վենետիկի հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։