AM
25 Նոյեմբեր 2026 - 10:57 AMT

ՀՀ վարչապետն ու Ռումինիայի Սենատի նախագահն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ քննարկել է հայ-ռումինական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել Հայաստան-ԵՄ հարաբերություններին:

Աբրուդեանը շեշտել է, որ Ռումինիայի Սենատն աջակցում է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացմանը, մասնավորապես՝ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին և ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը։

Աբրուդեանն ընդգծել է, որ ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր հնարավորություններ կստեղծի նաև միջխորհրդարանական համագործակցության խորացման համար։

Ռումինիայի Սենատի նախագահի խոսքով՝ երկու երկրների խորհրդարանականները միջազգային հարթակներում ակտիվ երկխոսություն են վարում և սերտորեն համագործակցում։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը՝ հավաստելով այդ ուղղությամբ ՀՀ կառավարության աջակցությունը։ Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանում ընթացող բարեփոխումներին։

ՀՀ կառավարության ղեկավարը ներկայացրել է նաև տարածաշրջանային զարգացումներն ու Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալ ամրապնդմանն ուղղված քայլերը։

Հանդիպմանը Ռումինիայի Սենատի նախագահն առանձնահատուկ կարևորել է ռումինահայ համայնքի պատմական ներդրումը երկրի զարգացման գործում՝ ընդգծելով համայնքի նշանակալի դերակատարությունը Ռումինիայի հասարակական և քաղաքական կյանքում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը: