AM
25 Նոյեմբեր 2026 - 10:52 AMT

Կոստանյան․ Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը վերաբերելու է կուտակված խնդիրների վերանայմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի սկզբին կայանալիք հանդիպման օրակարգը վերաբերելու է վերջին ժամանակաշրջանում հայ–ռուսական հարաբերություններում կուտակված խնդիրների վերանայմանը։ Այդ մասին հայտարարել է ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Վերանայումը միտված է այս հարաբերությունները առողջացնելուն և արդեն առաջ նայելուն։ Մենք որևէ կերպ միտում չունենք խզելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, կամ ճգնաժամ ստեղծելու, կամուրջներն այրելու։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի համար կարևոր գործընկեր լինել»,– նշեց Կոստանյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանում նույնպես այսպիսի տրամաբանությամբ են մոտենում հանդիպման նախապատրաստմանը, և հենց գործընկերային մթնոլորտում դեկտեմբերի 3-ին տեղի կունենա այդ հանդիպումը։

Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ դեկտեմբերին 3 անգամ է Մոսկվա մեկնելու` 3–ին, 11–ին և 22–ին։

ՌԴ-ն հայտարարել էր, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։