AM
15 Հոկտեմբեր 2026 - 15:35 AMT

Փաշինյան․ Մենք խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը Հայաստան է ժամանել իր հրավերով։

«Իմ բացման խոսքում ես նշել եմ, որ մենք ի բնե խնդիր չունենք ռուսական կոնցենսիայի հետ։ Մեր խնդիրն այն է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ»,– հայտարարել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Վարչապետի ներկայացմամբ՝ իրականացված վերլուծությունները վկայում են, որ երկաթուղային համակարգի մրցունակությունն ապահովելու առավել նպատակահարմար ճանապարհը կոնցեսիոն կառավարման գործող մոդելի փոփոխությունն է՝ կառավարումը երրորդ երկրների փոխանցելու տարբերակով։

«Սակայն, եթե ՌԴ գործընկերներն ասում են` իրենք գիտեն` ինչպես լուծեն այդ հարցը, իրենք կարող են լուծումներ առաջարկել, ապա քննարկման արդյունքում ես ասել եմ` եկեք ձևավորենք աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխաններ, թե ինչպես է ՀԿԵ–ն դառնալու մրցունակ, մանավանդ զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում»,– ասել է Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում բարձրացրել է Իջևան–Հրազդան երկաթուղային հատվածի վերականգնման և այն Վանաձոր–Գյումրի երկաթուղային ճյուղին միացնելու անհրաժեշտությունը։ Նրա գնահատմամբ՝ այդ նախագիծը Հայաստանի համար ունի ռազմավարական կարևորություն։

Փաշինյանը ռազմավարական նշանակության մեկ այլ ենթակառուցվածք է համարել Ախուրիկում սռնանիվների փոխման կետի առկայությունը՝ կարևորելով նաև այդ ուղղությամբ համապատասխան լուծումների իրականացումը։

«Մենք հասկանում ենք, որ դա տեխնիկապես բարդ խնդիր է` նաև ներդրումային առումով, սակայն մենք այդ հարցերը պետք է լուծենք։ Մեր բարեկամների հետ հարաբերություններում մենք մաքսիմալ լինելու ենք բարեկամական»,– վստահեցրել է նա։

Հոկտեմբերի 14-ին Օլեգ Բելոզյորովի ղեկավարած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ։ Կողմերը համաձայնության են եկել համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու շուրջ, որի հիմնական առաքելությունը լինելու է արձանագրված խնդիրները կարճ ժամկետում ուսումնասիրելը, հնարավոր լուծումները մշակելը և հետագա գործողությունների հաջորդականությունը հստակեցնելը։ Հանդիպման ավարտից հետո Օլեգ Բելոզյորովը տեղեկացրել է, որ ՀԿԵ-ի կոնցեսիոն պայմանագրի պահպանման հարց քննարկման առարկա չի դարձել։

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքները 2008 թվականի փետրվարին փոխանցվել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարմանը՝ 30 տարի ժամկետով։ Պայմանագրով նախատեսվել է նաև կառավարման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու հնարավորություն։