AM
15 Հոկտեմբեր 2026 - 18:56 AMT

Կսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգ

Կսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգ: Գործադիրը որոշում է ընդունել՝ նպատակ ունենալով պահպանել հողային օրենսդրության, քաղաքաշինական նորմերի, սեյսմիկ և հրդեհային անվտանգության պահանջները, ինչպես նաև սեփականատերերի և երրորդ անձանց իրավունքները։

Ըստ այդմ՝ կհստակեցվի ամբողջ գործընթացը՝ փաստաթղթերի ներկայացումից, հաշվառումից և մասնագիտական գնահատումներից մինչև ցանկի հաստատում, օրինականացում, համայնքի ղեկավարի որոշում և իրավունքների պետական գրանցում։

Կտարանջատվեն մարմինների իրավասությունները, կսահմանափակվեն նույն հանգամանքների կրկնակի գնահատումը և անհարկի ձևական պահանջներով պայմանավորված մերժումները, միաժամանակ կպահպանվեն անվտանգության, հողօգտագործման և երրորդ անձանց իրավունքների պաշտպանության պահանջները։

Նոր ընթացակարգը չի տարածվի պետական կամ համայնքային հողամասում ամբողջությամբ կամ մասամբ գտնվող կառույցների վրա։

Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքը դրա շրջանակում կարող է դիտարկվել, եթե ամբողջությամբ ինքնակամ է։ Ինքնակամ կառույցն իրականացրած անձը հաշվառումը և օրենքով պահանջվող փաստաթղթերը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն պետք է ներկայացնի մինչև 2027 թ. դեկտեմբերի 30-ը։

Նախարարությունը ստուգելու է փաստաթղթերի համապատասխանությունն օրենքին և մինչև 2028 թ. հունվարի 10-ը, կազմի Կառավարություն ներկայացվող օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկի նախագիծ՝ մինչև փետրվարի 20-ը հաստատելու համար։

Ցանկում ընդգրկվելը դեռևս օրինականացում չէ։ Հողամասի սեփականատերը օրինականացման համար պետք է դիմում ներկայացնի համայնքի ղեկավարին, կատարի տուրքի անհրաժեշտ վճարումները։

Օրինականացման մասին որոշում կայացնելու դեպքում այն ներկայացվելու է Կադաստրի կոմիտե՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման։