AM
16 Հոկտեմբեր 2026 - 12:07 AMT

Սիմոնյան․ Մոլորվել է ադրբեջանցին, ըստ Հաջիևի՝ նա քրեական հանցագործություն է գործել 

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է սեպտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած և Շաքի գյուղում հայ կնոջը հրազենից վիրավորած, նրա երեխաներին վնասվածքներ պատճառած ադրբեջանցի զինծառայողի դեպքին։

Ըստ նրա՝ ադրբեջանցին մոլորվել է: Նա նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանում ևս նրա դեմ քրգործ է հարուցված, հայտնում է Radar-ը:

«Մոլորվել է ադրբեջանցի զինծառայողը։ Առաջին իսկ պահից իրենք մեզ տեղեկացրել են։ Իր նկատմամբ քրեական գործ է հարուցված նաև Ադրբեջանում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ինձ նույնպես հավաստիացրել է, որ իրենց համար նա քրեական հանցագործություն է արել»,- ասել է Սիմոնյանը:

Երբ Սիմոնյանը COP17-ի գագաթնաժողովի ընթացքում ճեպազրույցի ժամանակ պատասխանում էր լրագրողների հարցերին, այդ պահին՝ ուղիղ եթերում, նրան է զանգահարել Հաջիևը։

«Իմիջիայլոց, ինքն է զանգում, վերջացնեմ, կխոսեմ հետը»,- ասել է Սիմոնյանը։

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է: