AM
16 Հոկտեմբեր 2026 - 12:54 AMT

Սիմոնյան․ Ալիևին ասել եմ, որ իր հայտարարությունները ՀՀ-ում զգայուն են ընդունվում

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն առիթ է ունեցել խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ասել, որ նրա հայտարարությունները մեր երկրում չափազանց զգայուն են ընդունվում։ Այս մասին Սիմոնյանն ասել է «Մերիդիան» էքսպո կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես հնարավորություն եմ ունեցել նախագահ Ալիևին դա ասել, ասել եմ. «Դուք պետք է իմանաք, որ Ձեր հայտարարարությունները Հայաստանի Հանրապետությունում շատ զգայուն են ընդունվում։ Եվ երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարում ունեք նաև Դուք, և Ձեր հռետորաբանությունը Հայաստանում շատ լսելի է»,- ասել է Սիմոնյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Անվտանգության խորհրդի քարտուղարի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահն ուշադրությամբ լսել է իր դիտարկումները և կարճ արձագանքել՝ «Լավ, բարի»։

Իսկ այն, որ Ադրբեջանը Երևանում անցկացվող COP17-ին չի մասնակցում, ԱԽ քարտուղար Սիմոնյանը խնդիր չի համարում։

«Դա իրենց որոշումն է։ Դա չի կարելի պրոյեկտել հարաբերությունների մասով, այդտեղ որևէ լարվածություն չկա ու չի ակնկալվում»,- նշել է Սիմոնյանը։

Նրա կարծիքով՝ ինչպես մեր հասարակության ներսում խնդիրներ ունենք բացատրելու տարբեր հարցեր, նույնն էլ Ադրբեջանում է։

Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող Ասիայում համագործակցության և վստահության միջոցների 7-րդ խորհրդակցության ժամանակ իր ելույթում հայերին անվանել է «օկուպանտ և մանկասպան», «բարբարոս» և «ֆաշիստ», ասել, թե ՀՀ նախկին երեք նախագահները «ռազմական հանցագործներ են» և դեռ «չեն պատժվել»: