AM
16 Հոկտեմբեր 2026 - 16:49 AMT

Արաղչի․ Գիտենք, որ մեր հայ գործընկերները ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը TRIPP նախագծի վերաբերյալ մտահոգություններ չունի․ իրանական կողմը վստահում է հայ գործընկերներին և գիտի, որ պաշտոնական Երևանը որևէ քայլ չի ձեռնարկի ընդդեմ Իրանի անվտանգության։ Այդ մասին Երևանում COP-17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց, մենք գիտենք, որ նրանք ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ։ Մենք շարունակում ենք խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ»,- նշել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Անդրադառնալով Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ անցկացված վերջին խորհրդակցություններին` Արաղչին դրանք արդյունավետ է գնահատել։

Նա նաև հայտնել է, որԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ արդեն երկրորդ անգամ վերջին երկու շաբաթվա ընթացքում։

Հայաստանի և Իրանի ղեկավարները հանդիպել էին հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես անդրադարձել է նախագծի վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշմանը՝ ներկայացնելով Թեհրան կատարած վերջին այցի ընթացքում ունեցած քննարկումների մանրամասները։ Միրզոյանի պարզաբանմամբ՝ իրանական կողմին հետաքրքրող առանցքային հարցը վերաբերում է TRIPP երթուղու երկայնքով Միացյալ Նահանգների կամ որևէ այլ երրորդ երկրի զինված ուժերի հնարավոր ներկայությանը։ Նախարարը վստահեցրել է, որ հայկական կողմը հստակ պատասխաններ է ներկայացրել այդ հարցադրումների վերաբերյալ՝ բացառելով երթուղու տարածքում ամերիկյան զինված ներկայությունը։