AM
17 Հոկտեմբեր 2026 - 12:06 AMT

Դոմինգոն՝ երևանյան համերգի մասին․ Հիասքանչ երեկո

Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն կարճ տեսանյութ է հրապարակել հայտնի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգից:

«Հիասքանչ երեկո Գեղամ Գրիգորյանի պատվին»,-ասվում է գրառման մեջ:

Նա նշել է, որ համրեգը կայացել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում Ասմիկ Գրիգորյանի, Հասմիկ Պապյանի, Բարսեղ Թումանյանի, Հովհաննես Այվազյանի, Եվգենի Նիկիտինի, Բոգդան Վոլկովի և Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնի մենակատարների, երգչախմբի և նվագախմբի հետ՝ Վարդան Գրիգորյանի ղեկավարությամբ:

Համերգից առաջ նա լուսանկարներ և տեսանյութեր էր հրապարակել հայ երգիչների հետ համատեղ փորձերից:

Համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին և անցել մեծ հաջողությամբ:

Գեղամ Գրիգորյանի հոբելյանին նվիրված երաժշտական երեկոն մեկ հարկի տակ էր միավորել անվանի երգչի ընտանիքի անդամներին, նրա գործընկերներին, աշակերտներին, ինչպես նաև միջազգային օպերային արվեստի հեղինակավոր կատարողներին։

Հանդիսավոր համերգի միջոցով մասնակիցները ներկայացրել և արժևորել են Գեղամ Գրիգորյանի հարուստ ստեղծագործական ժառանգությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մեծանուն արտիստի հիշատակին և օպերային արվեստում նրա թողած նշանակալի ավանդին։