AM
19 Հոկտեմբեր 2026 - 11:00 AMT

Ձմեռային զորակոչի մեկնարկը նախատեսվում է նոյեմբերի 16-ին

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակել և ներկայացրել է 2026 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նախագիծը, որի համաձայն՝ զորակոչային գործընթացը նախատեսվում է սկսել նոյեմբերի 16-ին և ավարտել 2027 թվականի փետրվարի 12-ին՝ ներառյալ։ Նշված ժամանակացույցը դեռևս վերջնական ուժ չի ստացել, քանի որ կառավարությունը համապատասխան որոշումը չի հաստատել։

Ներկայացված նախագծով նախատեսվել է, որ զինված ուժերի անձնակազմի համալրման հիմնական փուլը կիրականացվի 2027 թվականի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը։

Միաժամանակ սահմանվել են պարտադիր ժամկետային և այլընտրանքային զինվորական ծառայությունն ավարտող քաղաքացիների զորացրման ժամկետները։ Մասնավորապես, ծառայության սահմանված ժամանակահատվածն ավարտած զինծառայողների զորացրումը նախատեսվում է կազմակերպել 2027 թվականի հունվարի 7-31-ը՝ ներառյալ, հայտնում է Factor.am-ը:

Զորակոչային գործընթացում ընդգրկվելու են արական սեռի այն քաղաքացիները, որոնք մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը կդառնան 18 տարեկան։ Զինվորական ծառայության կանչվելու են նաև այն անձինք, որոնց նախկինում տրամադրված տարկետումների գործողության ժամկետներն ավարտվում են մինչև նույն թվականի դեկտեմբերի 31-ը։

Բացի այդ, զորակոչը տարածվելու է օրենսդրությամբ սահմանված մյուս համապատասխան կատեգորիաների քաղաքացիների վրա։ Նախագծով նախատեսվում է նաև կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած և համապատասխան դիմումներ ներկայացրած կանանց ընդգրկումը զորակոչային գործընթացում։

Ներքին գործերի նախարարությանը հանձնարարվել է ապահովել զորակոչից խուսափող քաղաքացիների որոնումը, իսկ ՆԳՆ-ն ու ԱԱԾ-ն զորակոչի ընթացքում պետք է ուժեղացնեն վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում։