ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կովկասում 201 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային հիմնադրամի ղեկավար ընտրված գործարար Կոնստանտին Սոկոլովը զգալի մասնակցություն ունի տարածաշրջանի հեռահաղորդակցության և հանքարդյունաբերության ոլորտներում։ Նա նախկինում նաև ղեկավարել է Ռուսաստանում ներդրումների վրա կենտրոնացած ընկերություն, որը սերտ կապեր ուներ Կրեմլի հետ, գրում է Reuters-ը:
Փորձագետները շահերի բախման վտանգ են տեսնում նրա գործունեության մեջ:
Ռուսաստանում ծնված 51-ամյա գործարար Կոնստանտին Սոկոլովը հունվարին նշանակվել է ներդրումային կառույցի ղեկավար։ Հիմնադրամն այժմ կրում է Trans-Caspian Enterprise Fund անվանումը, ինչի մասին վկայում են դրա գրանցման փաստաթղթերը։
Սոկոլովը խոշոր բաժնեմասեր ունի Հայաստանի առաջատար բջջային կապի օպերատոր Viva Armenia-ում։ Բացի այդ, այս տարվա սկզբին նա ձեռք է բերել Հայաստանի պղնձի և մոլիբդենի արդյունահանմամբ զբաղվող երկրորդ խոշորագույն հանքը՝ նախապես ստանալով ԱՄՆ կառավարության հատուկ թույլտվությունը։ Այս մասին տեղեկությունները ներկայացվել են Reuters-ի հետաքննության ընթացքում։
Գործակալությունն ուսումնասիրել է ԱՄՆ-ի կողմից ստեղծված և ներկայումս գործող մյուս երեք ներդրումային հիմնադրամներին վերաբերող հրապարակային փաստաթղթերը։ Դրանցում որևէ տեղեկություն չի հայտնաբերվել, որը կհաստատեր, թե այդ հիմնադրամների ղեկավարները խոշոր ներդրումներ ունեն այն երկրներում, որտեղ իրենց ղեկավարած կառույցները ֆինանսական գործունեություն են իրականացնում։
Թունիսում գործող ամերիկյան ներդրումային հիմնադրամի նախագահ Բո Քաթերը Reuters-ին հայտնել է, որ «Թունիսում որևէ տեսակի գործարար շահ չունի»։ Միաժամանակ նա չի մանրամասնել՝ արդյոք նման շահերի առկայությունը կարող էր խնդիր առաջացնել և ինչու։ Քաթերը հրաժարվել է մեկնաբանել Սոկոլովի կամ Անդրկասպյան հիմնադրամի գործունեությունը։
Այնուամենայնիվ, Reuters-ի ուսումնասիրության արդյունքներին ծանոթացած էթիկայի հարցերով վեց փորձագետ Սոկոլովի գործարար ակտիվներում շահերի բախման վտանգ է տեսել։ Նրանց գնահատմամբ՝ հիմնադրամի ղեկավարի պաշտոնը նրան հնարավորություն է տալիս տնօրինելու պետական միջոցներ, որոնց օգտագործումը կարող է պոտենցիալ օգուտ բերել նաև իր սեփական ընկերություններին։
Սանտա Կլարայի համալսարանի էթիկայի հարցերով փորձագետ Էն Սքիթը հայտարարել է. «Կարծում եմ՝ Կոնգրեսը պետք է հարցեր բարձրացնի»։
Միաժամանակ Reuters-ը նշել է, որ Սոկոլովի կողմից որևէ իրավախախտում կատարելու ապացույցներ չի հայտնաբերել։ Ամերիկյան օրենսդրությունը, որը կարգավորում է նման ներդրումային հիմնադրամների աշխատանքը, դրանց տնօրեններին չի արգելում ներդրումներ ունենալ այն տարածաշրջաններում, որտեղ գործում են իրենց ղեկավարած կառույցները։
Սոկոլովի մասնավոր ներդրումային ընկերության՝ IJS Investments-ի ներկայացուցիչը հայտնել է, որ հիմնադրամին արգելված է ֆինանսական միջոցներ ներդնել Սոկոլովի սեփական բիզնեսներում։ Նրա խոսքով՝ գործարարը պահպանել է «պատշաճ ուսումնասիրության և անվտանգության բոլոր պահանջները»։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը ևս հավաստիացրել է, որ ներդրումային հիմնադրամը պահպանելու է տարեկան հաշվետվությունների ներկայացման և անկախ աուդիտի պահանջները, «ինչպես նաև դրամաշնորհների նկատմամբ կիրառելի դրույթները, ներառյալ շահերի բախմանը վերաբերող պահանջները»։
Սոկոլովի անունն ընդգրկված է 37 ընկերությունների և անհատների ցանկում, որոնք ֆինանսական աջակցություն են տրամադրել Թրամփի՝ Սպիտակ տանը պարահանդեսների դահլիճ կառուցելու նախագծին։ Այդ ցուցակը Սպիտակ տունը տարածել է անցյալ տարի։
The Washington Post-ը հայտնել է, որ Սոկոլովը նախագծի իրականացման համար նվիրաբերել է մեկ միլիոն դոլար։
ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ գործարարը մոտ 13 միլիոն դոլար է փոխանցել նաև Հանրապետական կուսակցության հետ կապված քաղաքական կազմակերպություններին։
Վերջին տարիներին Սոկոլովն արագորեն ընդլայնել է իր գործարար ներկայությունը Հայաստանում։
Նրա ղեկավարած Անդրկասպյան հիմնադրամը մաս է կազմում ԱՄՆ-ի ավելի լայն նախաձեռնության, որի նպատակն է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում զարգացնել առևտրային ուղիներն ու ներդրումային հնարավորությունները։ Նախաձեռնությունը կարող է նպաստել տարածաշրջանի՝ ռուսական և չինական ենթակառուցվածքներից կախվածության նվազեցմանը։
Սոկոլովի գլխավորած հիմնադրամի տնօրենների խորհուրդն իրավասու է դրամաշնորհներ, վարկեր և ներդրումներ տրամադրել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։
Հիմնադրամի պաշտոնական կայքում ներդրումային առաջնահերթությունների թվում առանձնացվել են կարևոր նշանակության օգտակար հանածոները, էներգետիկան և երկաթուղային ենթակառուցվածքները։
Հայաստանում Սոկոլովի բիզնես ներկայությունը հատկապես արագ է ընդլայնվել վերջին տարիներին։ Ընկերությունների հայտարարությունների և Հայաստանի կորպորատիվ գրանցամատյանների համաձայն՝ 2024 թվականի հունվարին նա իր չինացի գործարար գործընկեր Չժե Չժանի հետ ձեռք է բերել Viva Armenia-ի վերահսկողությունը։
Մինչ այդ հեռահաղորդակցական ընկերությունը պատկանել է Ռուսաստանի խոշորագույն բջջային օպերատոր ՄՏՍ-ին։
Չժե Չժանը, որը նախկինում դիվանագիտական պաշտոն է զբաղեցրել Չինաստանի առևտրի նախարարությունում, չի պատասխանել Reuters-ի հարցումներին։ Viva Armenia-ն նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից։
Ավելի ուշ Սոկոլովի՝ Տեխասում գրանցված Dynamic Frontier Holdings ընկերությունը, հայտարարել է, որ հունիսի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակից՝ OFAC-ից, ստացել է իրավական թույլտվություն՝ գնելու Հայաստանի Թեղուտի հանքը։
Հանքը ձեռք է բերվել ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական պետական ՎՏԲ բանկից։
OFAC-ի տրամադրած հատուկ արտոնագրերը հնարավորություն են տալիս իրականացնել այնպիսի գործարքներ, որոնք առանց համապատասխան թույլտվության արգելված կլինեին ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Նման թույլտվությունների տրամադրման գործընթացը սովորաբար տևում է մի քանի ամիս, իսկ որոշ դեպքերում՝ տարիներ։
Սոկոլովը և Թեղուտի հանքի ներկայացուցիչը չեն պատասխանել այն հարցին, թե երբ են առաջին անգամ դիմել ամերիկյան գերատեսչությանը՝ անհրաժեշտ արտոնագիրը ստանալու համար։
Թեղուտի ներկայացուցիչը, սակայն, հայտնել է, որ գործարքի համար անհրաժեշտ արտոնագրերն ու համաձայնությունները ձեռք են բերվել OFAC-ի «ստանդարտ անկախ կարգավորող գործընթացի» միջոցով։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և ռուսական ՎՏԲ բանկը չեն արձագանքել Reuters-ի մեկնաբանության հարցումներին։
Գործակալությունը համեմատել է նաև ԱՄՆ-ի մյուս գործող ներդրումային հիմնադրամների ղեկավարների գործունեությունը։ Խոսքը Եգիպտոսում, Թունիսում, ինչպես նաև Ուկրաինայում և Մոլդովայում աշխատող հիմնադրամների մասին է։
Հրապարակային փաստաթղթերի և պաշտոնական կենսագրությունների ուսումնասիրությամբ չի հաստատվել, որ այդ կառույցների ղեկավարները նշանակալի գործարար շահեր ունեն համապատասխան երկրներում։
Եգիպտական հիմնադրամի նախագահ Ջեյմս Հարմոնը և Ուկրաինա-Մոլդովա հիմնադրամի նախագահ Դենիս Ջոնսոնը նույնպես չեն պատասխանել գործակալության հարցումներին։
Սոկոլովի ռուսաստանյան անցյալը ևս հայտնվել է լրագրողների ուշադրության կենտրոնում։
Իր հրապարակված կենսագրության մեջ գործարարը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգում անցկացրած համեստ մանկությունը և խորհրդային իշխանությունների նկատմամբ իր բացասական վերաբերմունքը։
Նրա պատմության համաձայն՝ խորհրդային իշխանություններն իր տատիկին ուղարկել են Գուլագի ճամբար։ Կենսագրության մեջ նշվում է նաև, որ Սոկոլովը 21 տարեկանում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ Խորհրդային Միության փլուզումից մի քանի տարի անց։
Սակայն Reuters-ի ուսումնասիրած կորպորատիվ և պետական փաստաթղթերը ցույց են տվել, որ գործարարի կապերը Ռուսաստանի հետ շարունակվել են նաև նրա արտագաղթից երկար ժամանակ անց։
Գործակալության հետ զրուցած էթիկայի հարցերով երկու փորձագետներ նշել են, որ Ռուսաստանի իշխանությունների հետ Սոկոլովի ենթադրյալ կապերը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն։ Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ է համոզվել, որ հիմնադրամի կառավարման ընթացքում առաջնահերթ են մնալու Միացյալ Նահանգների շահերը։
Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Փեյնթերը, որը նախկին հանրապետական նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում աշխատել է որպես էթիկայի հարցերով խորհրդական, հայտարարել է. «Եթե ես աշխատեի ԱՄՆ կառավարությունում, կցանկանայի անվտանգության թույլտվության տրամադրման գործընթացի շատ մանրակրկիտ ստուգում անցկացնել»։
Reuters-ի ուսումնասիրած 2015 թվականի գովազդային գրքույկում Սոկոլովը ներկայացվել է որպես Լիխտենշտեյնում գրանցված Gotthard Investment Fund-ի կառավարիչ։ Ներդրումային այս հիմնադրամը, որն այժմ այլևս չի գործում, մասնագիտացած է եղել ռուսաստանյան անշարժ գույքի շուկայում ներդրումների ուղղությամբ։
Գովազդային նյութում հատուկ շեշտադրվել են հիմնադրամի «Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և դաշնային իշխանությունների հետ վերջին 20 տարիների ընթացքում ձևավորված ամուր և երկարատև անձնական ու մասնագիտական վստահության հարաբերությունները»։
Հիմնադրամի նախկին նախագծային ղեկավարներից մեկը, որը Reuters-ի հետ զրուցել է անանուն մնալու պայմանով, հաստատել է, որ ճանաչում է այդ գրքույկը և այն համարում է իսկական։
Սոկոլովին ներկայացնող փաստաբանները, սակայն, կասկածի տակ են դրել փաստաթղթի իսկությունը։ Նրանց փոխանցմամբ՝ Սոկոլովը «չի կարծում», որ գրքույկն իսկական է, իսկ դրանում պատկերված տարբերանշանը չի համապատասխանում հիմնադրամի օգտագործած տարբերանշանին։
Գործարարի ներկայացուցիչը Reuters-ին հայտարարել է. «Պարոն Սոկոլովը որևէ կապ չունի Ռուսաստանի պետական պաշտոնյաների կամ Ռուսաստանի կառավարության հետ»։
Նույն ներկայացուցիչը հավելել է, որ «նա Ռուսաստանի քաղաքացիություն չունի»։
Reuters-ին չի հաջողվել անկախ աղբյուրներով հաստատել, որ Սոկոլովն այլևս Ռուսաստանի քաղաքացի չէ։
Միաժամանակ գործակալության ուսումնասիրած ճանապարհորդական փաստաթղթերը վկայում են, որ գործարարը դեռևս 2016 թվականին միջազգային ուղևորությունների համար օգտագործել է ռուսական անձնագիր։
Սոկոլովի վերաբերյալ մեկնաբանության հարցումները Սպիտակ տունն ուղղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտ։
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը, սակայն, մանրամասներ չի ներկայացրել գործարարի անցյալի ստուգման ընթացակարգերի վերաբերյալ։ Պետդեպարտամենտը չի հստակեցրել նաև՝ արդյոք Սոկոլովն անցել է անվտանգության համապատասխան ստուգում և ստացել անհրաժեշտ թույլտվություն։
Reuters-ը մեկնաբանության համար դիմել է նաև Կրեմլին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սոկոլովի մասին հարցին պատասխանել է. «Մենք չգիտենք, թե ում մասին եք խոսում»։





