AM
20 Հոկտեմբեր 2026 - 10:40 AMT

Քաղավիացիայի նոր ղեկավար․ Կաջակցենք «Զվարթնոցի» հին շենքը նոր ուղևորային տերմինալի վերափոխմանը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանը ներկայացրել է մինչև 2031 թվականը «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացման իր տեսլականը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա հայտարարել է, որ «Զվարթնոցի» հին շենքը վերափոխվելու է նոր ուղևորային տերմինալի:

«Ուղևորներին․ մեր նպատակը շարունակում է լինել Երևանն ու Գյումրին տարածաշրջանի և աշխարհի ավելի շատ քաղաքների հետ ուղիղ չվերթներով կապելը, մրցակցության միջոցով ավելի մատչելի գներին նպաստելը և ուղևորների իրավունքների պաշտպանությունը ԵՄ լավագույն փորձին համահունչ ամրապնդելը։ Թռիչքների անվտանգությունը մեր աշխատանքի հիմքում է։

Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներին․ արտահանման առանձին ուղղություններում առաջացող դժվարություններն ընդգծում են շուկաների և փոխադրման ուղիների բազմազանեցման անհրաժեշտությունը։ Կառավարության այս առաջնահերթությանը նպաստելու համար կարևորում եմ բեռնային ավիափոխադրումների հնարավորությունների ընդլայնումը՝ հայկական արտադրանքի համար նոր շուկաներ հասնելու ավելի հուսալի և մրցունակ ուղիներ ստեղծելու նպատակով։

Ոլորտի մասնագետներին և ընկերություններին․ Հայաստանի օդային կապերի ընդլայնումը մեր համատեղ աշխատանքի առանցքն է։ Պաշտոնավարմանս առաջին 100 օրերի ընթացքում նախատեսում եմ հանդիպել ոլորտի հիմնական ներկայացուցիչներին՝ լսելու Ձեր մտահոգություններն ու առաջարկները և հստակեցնելու համատեղ քայլերը։

Հայաստանյան ավիաընկերություններին․ կարևորում ենք Ձեր մասնագիտական և գործառնական կարողությունների ամրապնդումը, մրցունակության բարձրացումը և Ձեր կողմից իրականացվող ուղևորափոխադրումների ծավալների կայուն ընդլայնման համար նպաստավոր պայմանների ձևավորումը։

Միջազգային ավիափոխադրողներին․ Ձեզ դիտարկում ենք որպես Հայաստանի՝ աշխարհի հետ կապերի ընդլայնման առանցքային գործընկերներ և ակնկալում ակտիվ համագործակցություն՝ նոր ուղղությունների ու հնարավորությունների շուրջ։

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գործընկերներին․ գնահատելով ընկերության ներդրումը օդանավակայանների արդիականացման և սպասարկման որակի բարելավման գործում՝ ակնկալում ենք կարգավորող դաշտի ամրապնդմամբ և համատեղ աշխատանքով հասնել ծառայությունների որակի չափելի բարձրացման ու նոր ենթակառուցվածքների զարգացման՝ պետության հետ ներդրումային և ծախսային ծրագրերի և կարգավորիչ դաշտի բարեփոխումների վերաբերյալ շարունակական երկխոսությամբ։

Ավիացիոն ոլորտի մյուս գործընկերներին․ օդային երթևեկության կազմակերպումից և վերգետնյա սպասարկումից մինչև տեխնիկական ծառայություններ ու մասնագիտական կրթություն՝ յուրաքանչյուրիդ ներդրումն անհրաժեշտ է։ Ակնկալում եմ գործնական համագործակցություն՝ ոլորտի ընդհանուր կարողություններն ամրապնդելու և ուղևորներին ու բիզնեսին ավելի որակյալ ծառայություններ առաջարկելու համար։

Դոնոր և զարգացման գործընկերներին․ կարևորում եմ արդյունավետ, մեր առաջնահերթություններին համահունչ և չափելի արդյունք ապահովող համագործակցությունը։ Առաջնահերթություն է մնալու Հայաստան–ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրով և ԻԿԱՕ-ի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև EASA-ի հետ սերտ համագործակցությամբ ավիացիոն անվտանգության եվրոպական պահանջների ներդրումը։

Այս նպատակներին հասնելու համար կառավարության 2026–2031 թթ. ծրագրի իրականացման շրջանակում Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի լիազորությունների շրջանակում առաջնահերթորեն կաջակցենք՝

  • «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների արդիականացմանը՝ ներառյալ «Զվարթնոցի» հին մասնաշենքը նոր ուղևորային տերմինալի վերափոխելը,
  • Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելուն,
  • ոլորտի կառավարման համակարգի կատարելագործմանը և ԵՄ ավիացիոն կանոնակարգերի ներդրմանը»,-ասվում է գրառման մեջ:

Թորոսյանը հավելել է, որ բաց է գործնական առաջարկների և արդյունքի միտված համագործակցության համար։

Գևորգ Թորոսյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել այս տարվա հոկտեմբերի 12–ին: