AM
20 Հոկտեմբեր 2026 - 11:21 AMT

ՀՖՖ 29 անդամ դիմել է արտահերթ ժողով գումարելու և կանոնադրությունը փոխելու առաջարկով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 34 անդամներից 29-ը հանդես է եկել արտահերթ ժողով անցկացնելու նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով փոփոխություններ և լրացումներ կատարել կազմակերպության կանոնադրությունում։

Նախաձեռնությունը հիմնված է ՀՖՖ կանոնադրության 34-րդ հոդվածի 2-րդ կետի և 35-րդ հոդվածի դրույթների վրա։

Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է կանոնադրության 31-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետին։ Ներկայումս գործող կարգավորման համաձայն՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար անձը, սահմանված մյուս չափանիշներից բացի, պարտավոր է վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես բնակված լինել ՀՀ-ում և տիրապետել հայերենին։

Ներկայացված նախագծով նախաձեռնողները նպատակ ունեն վերացնել այդ երկու սահմանափակումները։ Միաժամանակ նախատեսվում է անփոփոխ թողնել թեկնածուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու և առնվազն 25 տարին լրացած լինելու պարտադիր պայմանները։

Փոփոխությունների երկրորդ ուղղությունը վերաբերում է ՀՖՖ կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետին, որով կարգավորվում է պաշտոնավարման ժամկետների հաշվարկը։ Գործող դրույթով սահմանված է, որ եթե պաշտոնատար անձն իր լիազորություններն իրականացրել է տվյալ պաշտոնի համար նախատեսված չորս տարուց ավելի կարճ ժամանակահատվածում, ապա այդ ժամանակը, անկախ փաստացի տևողությունից, համարվում է պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։

Գործող կարգավորումը պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ է համարում ցանկացած ժամանակահատված, նույնիսկ եթե անձը պաշտոնավարել է քառամյա ժամկետի աննշան մասը։ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու ընթացակարգի և այլ մանրամասների մասին կտեղեկացնենք առաջիկայում։