ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ի շրջանակում մասնակցել է «Կրթության ազգային համակարգերի դերը պարենային անվտանգության խթանման և Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում» թեմայով բարձրաստիճան պանելային քննարկմանը։
Անդրադառնալով COP17-ում Հայաստանի նախագահության օրակարգին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է հայկական կողմի առաջնահերթությունները։ Մասնավորապես, նա կարևորել է կենսաբազմազանության պահպանության խնդիրների ներառումը տնտեսական և սոցիալական զարգացման առավել լայն ծրագրերում՝ միաժամանակ ընդգծելով միջազգային գործընկերային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը։
ԱԳՄԱ նախարարի տեղակալն առանձնացրել է նաև միջազգային համագործակցության հնարավորությունները պետությունների ազգային կարողությունների զարգացման հարցում։ Նրա գնահատմամբ՝ նման փոխգործակցությունը նպաստում է մասնագիտական փորձի և ֆինանսական աջակցության ներգրավմանը, ինչպես նաև միջազգային մակարդակով ստանձնված հանձնառությունների վերածմանը ազգային մակարդակում իրականացվող կոնկրետ նախաձեռնությունների և չափելի արդյունքների։
Որպես հաջողված գործընկերության օրինակ՝ Աբիսողոմոնյանն անդրադարձել է Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև տարիների ընթացքում ձևավորված համագործակցությանը։ Այս առումով նա առանձնակի կարևորություն է տվել «Դպրոցական սննդի» ազգային ծրագրին՝ ընդգծելով դրա շրջանակում Հայաստանի ձեռք բերած փորձը միջազգային գործընկերների հետ կիսելու անհրաժեշտությունը։
Նա հատուկ ուշադրություն է հրավիրել միջազգային գործընկերության և բազմակողմ դիվանագիտական ջանքերի նշանակության վրա։ Նա ընդգծել է, որ կենսաբազմազանության պաշտպանությունը, պարենային անվտանգությունը, կրթության զարգացումն ու կայուն զարգացման նպատակները փոխկապակցված ուղղություններ են, որոնց առաջխաղացման համար անհրաժեշտ է երկրների և միջազգային կառույցների հետևողական համագործակցությունը։
Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է տարբեր միջազգային նախաձեռնությունների և ոլորտային առաջնահերթությունների միջև փոխգործակցության ընդլայնումը։ Նա շեշտադրել է միասնական ու փոխլրացնող մոտեցումների մշակման, ինչպես նաև համաշխարհային մակարդակով ստանձնված պարտավորությունների կատարմանն ուղղված համատեղ գործողությունների ակտիվացման անհրաժեշտությունը։
Քննարկման ավարտին Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է արդյունավետ բազմակողմ համագործակցության նշանակությունը՝ նշելով, որ այն չպետք է սահմանափակվի միայն միջազգային համաձայնագրերի մշակմամբ և ընդհանուր պարտավորությունների ստանձնմամբ։ Նրա ներկայացմամբ՝ առանցքային նշանակություն ունի այդ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, որպեսզի յուրաքանչյուր երկրի մակարդակում հնարավոր լինի ապահովել իրական, տեսանելի և երկարաժամկետ արդյունքներ։





