AM
20 Հոկտեմբեր 2026 - 13:41 AMT

Առաջարկ. Նպաստների և կենսաթոշակների 20% հետվճարը կարող է շարունակվել ևս 3 տարի

Հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2027-ի հունվարի 1-ից մինչև 2029-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերով անկանխիկ եղանակով կատարված գործարքներից 20% (առավելագույնը 10,000 դրամ) հետվճարի տրամադրումը, հայտնում է Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը:

Նախատեսվում է պահպանել գործող կարգով սահմանված հետվճարի հաշվարկման և վճարման մեխանիզմները։

Նշվում է, որ հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20 % հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվել է 572,590 կենսաթոշակառու և նպաստառու․ հետվճարի միջին չափը կազմել է 8150 դրամ։

Հետվճարը ձևավորվում և փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով՝ ՊՈՍ-տերմինալներով գործարքներ կատարելու դեպքում: