AM
20 Հոկտեմբեր 2026 - 16:18 AMT

Զեկույց․ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում գազը ՀՀ համար կթանկանա 69%-ով

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում ներմուծվող բնական գազի գինը կարող է թանկանալ 69 տոկոսով՝ ներկայիս 177․5 դոլարից հասնելով 300 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Այդ մասին ասվում է «ՀՀ հանդեպ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ» զեկույցում, որը պատրաստել են ԵԱՏՄ անդամ պետությունները:

Հաշվարկն իրականացվել է այն ենթադրությամբ, որ գազի մատակարարումների ֆիզիկական ծավալները կմնան անփոփոխ, գրում է Interfax-ը:

Զեկույցի հեղինակներն անդրադարձել են նաև նախորդ տարիներին արձանագրված գազի շուկայական գներին։ Բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ 2013 թվականին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի շուկայական արժեքը, առանց սուբսիդավորման հաշվարկի, կազմել է մոտ 270 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Համեմատության համար ներկայացվել են նաև եվրոպական էներգետիկ շուկայի ցուցանիշները։ Մասնավորապես, 2025 թվականին եվրոպական TTF գազային բորսայում բնական գազի միջին շուկայական գինը կազմել է մոտ 422 դոլար՝ հազար խորանարդ մետրի հաշվարկով։

Փաստաթղթում հատուկ ընդգծվել է, որ Հայաստանի համար դիտարկվող 300 դոլար սակագինը նախնական, կողմնորոշիչ գնահատական է և պարտադիր չէ, որ համընկնի հնարավոր պայմանագրային վերջնական գնի հետ։

«Մատակարարվող գազի իրական պայմանագրային գինը, հաշվի առնելով գազի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը, կարող է ավելի բարձր լինել։ Նշված պայմանների դեպքում ՀՀ կողմից գազի ներմուծման արժեքը, ի տարբերություն նախկինում դիտարկված ապրանքային խմբերի, կավելանա 268․5 միլիոն դոլարով կամ 69 տոկոսով՝ 389․0 միլիոն դոլարից հասնելով 657․5 միլիոն դոլարի։ Միաժամանակ այդ աճը կհանգեցնի արտադրողների և տնային տնտեսությունների ծախսերի ավելացմանը և միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում բացասաբար կանդրադառնա գնաճի մակարդակի և համախառն ներքին արդյունքի վրա»,– նշված է զեկույցում։

Փաստաթուղթը ներկայացրել են Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։

Զեկույցում ամփոփվել են Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, ինչպես նաև ուսումնասիրվել են ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական համակարգերի համատեղելիության հնարավորությունները։

Առանձին վերլուծության են ենթարկվել Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունները և Եվրամիությանն անդամակցելու գործընթացից բխող հնարավոր նոր պարտավորությունները։

Բացի այդ, փաստաթղթում ներկայացվել են այն իրավական մեխանիզմները, որոնք նախատեսված են ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշման հետևանքով առաջացող ռիսկերը կանխելու համար։

Նշվում է, որ փաստաթուղթը կներկայացվի միության անդամ երկրների ղեկավարներին հետագա քննարկման և ուսումնասիրության նպատակով։

Ավելի վաղ տեղեկություններ են հրապարակվել, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստը նախատեսված է անցկացնել 2026 թվականի դեկտեմբերին։

Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը նաև հիշեցրել է, որ զեկույցի պատրաստման հիմքում ընկած է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ին ընդունած համատեղ հայտարարությունը։ Փաստաթուղթը մշակվել է այդ հայտարարությամբ նախատեսված պայմանավորվածությունների իրականացման նպատակով։

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։

Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։

Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-ն հունիսի 2-ից սահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի և այլ կորիզավոր մրգերի ներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել է Հայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման նկատմամբ։