AM
20 Հոկտեմբեր 2026 - 18:54 AMT

Հաշվեքննիչ պալատի անդամի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն չի հաստատվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար ներկայացրել է Տարոն Վարազդատյանի թեկնածությունը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում թեկնածուի կենսագրական տվյալները ներկայացրել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նույն պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ավելի վաղ առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը։

Հանձնաժողովի նիստի ընթացքում տեղի է ունեցել երկու թեկնածուների վերաբերյալ քվեարկություն։

Քվեարկության արդյունքներով Կարեն Առուստամյանի թեկնածությունն ստացել է չորս կողմ ձայն։ Նրա թեկնածությանը դեմ քվեարկող պատգամավոր չի եղել։

Տարոն Վարազդատյանի թեկնածության օգտին քվեարկել է երկու պատգամավոր, իսկ երեքը դեմ են արտահայտվել։

Այսպիսով, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Կարեն Առուստամյանի թեկնածությանը։