AM
21 Հոկտեմբեր 2026 - 11:44 AMT

Պեսկով․ Կրեմլում դեռ ծանոթ չեն ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության կասեցման հետևանքների մասին զեկույցին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում առայժմ չեն ուսումնասիրել ՀՀ նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների մասին զեկույցը։

Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները ներկայացրել են զեկույց, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքներին։

«Ոչ, չենք ծանոթացել», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում արդեն հասցրել են ուսումնասիրել ներկայացված զեկույցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փաստաթուղթը ներկայացվելու է միության անդամ երկրների ղեկավարներին հետագա քննարկման և ուսումնասիրության նպատակով։

Զեկույցում ասվում է, որ ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել՝ չորս անդամ պետությունների համաձայնեցված գործողությունների միջոցով։Ավելի վաղ տեղեկություններ են հրապարակվել, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստը նախատեսված է անցկացնել 2026 թվականի դեկտեմբերին։