Լոնդոնում Google Cloud-ի տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարման խափանումը հոկտեմբերի 20-ին ամբողջ օրվա ընթացքում խաթարել է եվրոպական բազմաթիվ առցանց հարթակների, այդ թվում՝ Revolut-ի աշխատանքը։
Երեկոյան Google-ը հայտարարել է, որ հաջողվել է վերականգնել ծառայությունների բնականոն գործունեությունը։
Գրինվիչի ժամանակով մոտավորապես ժամը 09։00-ին Google-ը հայտնել է եվրոպական տարածաշրջանում՝ europe-west2-ում, Google Cloud-ի աշխատանքի ընթացքում ի հայտ եկած «բազմաթիվ խնդիրների» մասին։ Ընկերության հրապարակած տեղեկության համաձայն՝ խափանումներն սկսվել են հայտարարությունից մոտ երկուսուկես ժամ առաջ։ Նշված՝ europe-west2 տարածաշրջանը սպասարկող տվյալների կենտրոնը գտնվում է Լոնդոնում, գրում է BBC-ն:
Որոշ ժամանակ անց Google-ը պարզաբանել է, որ ծառայությունների աշխատանքի ընդհատումների պատճառ է դարձել էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած «միջադեպը» (power event)։
Երեկոյան ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ տեխնիկական խնդիրը հաջողվել է վերացնել, իսկ ծառայությունների գործունեությունը՝ վերականգնել։ Մինչ այդ, սակայն, ամբողջ օրվա ընթացքում վճարումներ կատարելիս դժվարությունների են հանդիպել Revolut առցանց բանկի բազմաթիվ հաճախորդներ, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, Մալթայում, Գերմանիայում, Լիտվայում և Լատվիայում։
Մեծ Բրիտանիայում որոշ ժամանակով դադարել կամ ընդհատումներով են գործել Lloyds Bank-ի և նրան պատկանող Halifax ու Bank of Scotland բանկերի առցանց ծառայությունները։ Խնդիրներ են առաջացել նաև ակտիվների մեծությամբ աշխարհում վեցերորդ տեղը զբաղեցնող HSBC բանկի, DPD առաքման ծառայության և բազմաթիվ այլ ընկերությունների թվային հարթակներում։
Խափանումը տարածվել է նաև բրիտանական պետական ծառայությունների վրա։ Մասնավորապես՝ խնդիրներ են գրանցվել դատական համակարգի տեսահաղորդակցության հարթակում, ինչի հետևանքով խափանվել են տեսազանգերի միջոցով անցկացվող բազմաթիվ դատական նիստեր։ Միաժամանակ անհասանելի է դարձել Առողջապահության ազգային ծառայության հավելվածը, ինչի պատճառով քաղաքացիները չեն կարողացել բժշկի ընդունելության համար հերթագրվել։
Բանկային համակարգերի աշխատանքի խափանումներն իրենց հերթին բացասաբար են անդրադարձել հազարավոր ձեռնարկությունների գործունեության վրա։ Բանկերի ծառայություններից օգտվող բազմաթիվ ընկերություններ չեն կարողացել բնականոն կերպով շարունակել իրենց աշխատանքը։
Գերմանիայում, օրինակ, ING բանկի հաճախորդները տեղեկացրել են հավելված մուտք գործելու հետ կապված դժվարությունների մասին։ DownDetector հարթակի տվյալներով՝ տեխնիկական խնդիրների են բախվել նաև Գերմանիայում DHL-ի ծառայություններից օգտվողները, Իտալիայում և Իսպանիայում՝ Booking.com-ի հաճախորդները։ Նիդեռլանդներում, իր հերթին, ընդհատումներով է աշխատել հարկային ծառայության պաշտոնական կայքը։
«Մենք տեղյակ ենք ծառայության աշխատանքի խափանման մասին, որն ազդում է հավելվածից օգտվելու հնարավորության վրա։ Մեր տեխնիկական թիմն աշխատում է խնդիրը հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ», -հայտարարել է Revolut-ը՝ արձագանքելով X սոցիալական ցանցում օգտատերերի ներկայացրած բողոքներին։ Միաժամանակ բանկը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հանգամանքներ են հանգեցրել խափանմանը։
Ավելի ուշ ընկերությունը պարզաբանել է, որ հաճախորդների ֆինանսական միջոցներն ու անձնական տվյալները շարունակում են անվտանգ մնալ։ Revolut-ն այս աշնան ընթացքում արդեն երկու անգամ բախվել է տվյալների արտահոսքի դեպքերի։
Ամպային ծառայություններ տրամադրող ընկերությունների ենթակառուցվածքներում առաջացող տեխնիկական խափանումները հաճախ շղթայական ազդեցություն են ունենում համացանցի տարբեր հատվածների աշխատանքի վրա՝ միաժամանակ անհասանելի դարձնելով բազմաթիվ, առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող հարթակներ։
Նմանատիպ լայնածավալ միջադեպ է արձանագրվել նաև 2025 թվականի հոկտեմբերին, երբ լուրջ տեխնիկական դժվարությունների է բախվել Amazon Web Services-ը։ ԱՄՆ արևելյան ափին տեղակայված սերվերների կլաստերում՝ US-EAST-1 տարածաշրջանում, DNS հասցեների որոշման համակարգի աշխատանքի խափանումը հանգեցրել է ավելի քան հազար կայքերի և հավելվածների անհասանելիության։ Տուժած ծառայությունների թվում են հայտնվել Slack-ը, Zoom-ը, Roblox-ը և Bank of Scotland-ը։
Google Cloud-ի Europe-west2 տվյալների կենտրոնում նույնպես նախկինում խոշոր խափանում է արձանագրվել։ Նման միջադեպ տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսին։
BBC-ի տեխնոլոգիական հարցերով թղթակից Ջո Թայդին հիշեցրել է, որ այն ժամանակ Google-ը խնդիրը բացատրել է հզոր համակարգիչների հովացման համակարգի անսարքությամբ։ Այդ տարվա հուլիսին Մեծ Բրիտանիայում աննախադեպ բարձր ջերմաստիճաններ են գրանցվել, ինչն էլ բարդացրել է տվյալների կենտրոնի աշխատանքը։ Ներկայում, սակայն, Լոնդոնում և հարակից շրջաններում եղանակը բնորոշ աշնանային զովություն ունի։
«Սակայն սա ևս մեկ հիշեցում է այն մասին, որ թվային ծառայությունները, որոնցից մենք բոլորս օգտվում ենք, այնքանով են հուսալի, որքանով հուսալի է այն ֆիզիկական ենթակառուցվածքը, որի վրա հիմնված է դրանց աշխատանքը», — ընդգծել է նա:





