Հայաստանում էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածր, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կենտրոնը հրապարակել է աֆրիկյան երկրներում Էբոլայի տարածման վերաբերյալ համաճարակաբանական իրավիճակի թարմացված տեղեկությունները։
Հոկտեմբերի 20-ի տվյալներով՝ Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ, հաստատվել է Էբոլա հիվանդության 9552 դեպք։ Վարակման դեպքեր են գրանցվել նաև Քենիայում, որտեղ արձանագրվել է 9 հիվանդ և մեկ մահ: Քենիայում բոլոր դեպքերն արձանագրվել են մայրաքաղաք Նայրոբիում։ Վարակվածների թվում են եղել առաջին հիվանդի հետ սերտ շփում ունեցած ընտանիքի անդամներ և բուժաշխատողներ։
Նիգերիայում հոկտեմբերի 20-ին առողջապահության դաշնային նախարարությունը հաղորդել է Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված Էբոլա հիվանդության առաջին ներմուծված դեպքի հաստատման մասին։ Հիվանդի մոտ ախտանշանների ի հայտ գալուն պես իրականացվել է նրա մեկուսացումը, և ներկայում պացիենտը ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Միաժամանակ շարունակվում են վարակակրի հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման, նրանց շրջանակի ճշտման և համաճարակաբանական ուսումնասիրությունների աշխատանքները՝ հիվանդության հնարավոր հետագա տարածումը կանխելու նպատակով։
ՀՎԿԱԿ-ը նաև տեղեկացրել է, որ մշտական դիտարկման տակ է պահում միջազգային համաճարակաբանական իրավիճակը և շարունակում է հետևել տարբեր երկրներում հիվանդության տարածման վերաբերյալ հրապարակվող տվյալներին։





