Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է բնակելի տներից մեկում և վիրավորել հայ կնոջը՝ նշելով, որ որևէ տեղեկատվության չի տիրապետում:
«Ես որևէ տեղեկատվության չեմ տիրապետում»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Հարցին՝ մոլորյալին գերիներով կփոխարինե՞ն, նախարարը պատասխանել է. «Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում՝ բարի կամքով և կառուցողական մթնոլորտով։ Քիչ առաջ տեղեկություն տեսանք նաև հովվի մոլորվելու մասին։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ լինում են նաև հայկական կողմից ճանապարհը կորցրած, մոլորված զինվորներ, հովիվներ, կենդանիներ, և դրանք պայմանավորվածություններ են և, չնայած ընդդիմության ջանքերին, մենք կշարունակենք այդ պայմանավորվածությունները։ Համենայնդեպս ես դրանք պահելու կողմնակիցն եմ»։
Իսկ ինչ վերաբերում է Շաքիի դեպքին՝ Միրզոյանը նշել է, որ դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք մոլորվել է, թե՞ միտումնավոր է սահմանը հատել:
«Սակայն, անկախ հանգամանքից, տեղի է ունեցել հանցագործություն, սա լրիվ փոխում է պատկերը և ՀՀ օրենսդրության համաձայն՝ բոլոր կետերը պետք է պահենք։ Սա մոլորյալների շարքին չի պատկանում»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը, նրան հայտնաբերել են և որ նա չարաշահում է ալկոհոլային խմիչքները: Նա Ադրբեջանի Չաթախ գյուղի բնակիչ է, գրում է Oxu.az-ը:





