Հայաստանում բավականին լավ տնտեսական ակտիվություն կա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ հավելելով, որ կան նաև մարտահրավերներ։
«Երևացող մարտահրավերը ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերություններն են, որի շուրջ առաջիկայում կաշխատենք»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Փաշինյանը նշել է, թե Հայաստանի ամբողջ քաղաքականությունը միտված է լինելու երկրի տնտեսական դինամիկան ապահովելուն։
«Մեր տնտեսական դինամիկան ապահովելուն և, իհարկե, մեր պետության ինքնիշխանությունը, անկախությունը և ընդհանրապես պետականությունը ամրապնդելուն: Դրանք ոչ միայն համատեղելի խնդիրներ են, այլև մեկը բխում է մյուսից, փոխկապակցված են», – հայտարարել է Փաշինյանը, հայտնում է «Ազատությունը»:
Միաժամանակ նա պնդել է, որ ռուսական սահմանափակումների ֆոնին Հայաստանին հաջողվել է դրական ցուցանիշներ արձանագրել:
«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մեր երկրի տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան է բավական լավ տեղի ունենում: Այս պահին մեր ունեցած տվյալները հույս են ներշնչում, որ առաջիկայում դա ավելի կխորանա և կամրապնդվի, պետք է կենտրոնացած մնանք այս խնդրի վրա», – ասել է Փաշինյանը:





