AM
22 Հոկտեմբեր 2026 - 17:14 AMT

Մանկատների շրջանավարտների բնակարանային վկայագրերի տրամադրման ժամկետները կերկարաձգվեն

Կառավարությունը որոշել է երկարաձգել մանկատների շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետները՝ մոտ 20 շահառու հնարավորություն կստանա իրացնելու բնակարանային աջակցության իրավունքը։

Փոփոխությունը վերաբերում է ինչպես այն անձանց, որոնք արդեն ստացել են բնակարանի գնման վկայագիր, սակայն դեռ չեն ավարտել անհրաժեշտ ընթացակարգերը, այնպես էլ այն շահառուներին, որոնք պետական աջակցությունից օգտվելու համար դիմել են սահմանված վերջնաժամկետից հետո։

Որոշման հիմնավորման համաձայն՝ մանկատների շրջանավարտների բնակարանային ապահովման ծրագրով մոտ 300 անձի բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1․9 միլիարդ դրամ։ Այդուհանդերձ, մինչ այժմ վկայագիր ստանալու իրավունք է ձեռք բերել 289 շահառու։ Նրանցից 8-ը չեն ներկայացել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն և չեն ստորագրել համապատասխան պայմանագիրը։

Կա նաև բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները ավարտին չհասցրած մանկատան 10 շրջանավարտ և սան: Միաժամանակ, մանկատան շրջանավարտներից և սաներից ոմանք միջոցառումից օգտվելու համար դիմել են Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետի (դիմումներ ընդունելու վերջնաժամկետը 2022 թ. հուլիսի 1-ն էր) ավարտից հետո, որի պատճառով վերջիններիս դիմումները մերժվել են (3 շահառու)։