AM
23 Հոկտեմբեր 2026 - 13:19 AMT

ԱՄՆ-ն Հայաստանին $1․4 մլն սարքավորումներ է նվիրաբերել սահմանների և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար

ԱՄՆ-ն 1․4 միլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին, որոնք նախատեսված են սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

Արարողությանը մասնակցել են անվտանգության աջակցության ծրագրերի գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռոման Սահակյանը։

Նշվում է, որ նախաձեռնությունն ուղղված է երկրի սահմանների պաշտպանության կարողությունների ընդլայնմանը։

Նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ պետքարտուղարության արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի կողմից։

«Այն կնպաստի Հայաստանի սահմանապահ ծառայության արդիականացմանը, սահմանային անվտանգության ամրապնդմանը և մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժի բարելավմանը։

Այս աջակցությունն արտացոլում է Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությունը՝ ամրապնդելու Հայաստանի սահմանային կառավարման կարողությունները և աջակցելու տարածաշրջանային փոխկապակցվածությանը, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին»,-ասվում է հաղորդագրության մեջ: