Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի լիագումար նիստում կքննարկվի TRIPP-ի շուրջ ՀՀ և ԱՄՆ-ի համաձայնագրի վավերացումը:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ TRIPP նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի լիագումար նիստում:
ԱՄՆ-ում համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերն արդեն ավարտվել են, և ՀՀ-ում դրանց ավարտից հետո TRIPP-ի վերաբերյալ այս միջազգային պայմանագիրն ուժի մեջ կմտնի:
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հոկտեմբերի 21-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ՝ TRIPP նախագծի ենթակառուցվածքների նախագծման նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով։
Այցին մասնակցած ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է․ «Խոսքը վերաբերում է այս փուլում երկաթգծին, ավտոճանապարհին և էներգետիկ ենթակառուցվածքի լարանցմանը։ Երկաթգծի հետ կապված, ըստ էության, ամեն ինչ պարզ է, մեզ համար նոր բան չկա, ավելի շատ ուզում էինք տեղում մեկ անգամ ևս հասկանալ ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը։ Բայց թե որտեղով է անցնելու երկաթգիծը, կարծում եմ՝ ակնհայտ է, այդտեղ քննարկելու բան չկա»:





