AM
23 Հոկտեմբեր 2026 - 17:54 AMT

ՀՖՖ արտահերթ ժողովը կկայանա նոյեմբերի 4-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը կկայանա նոյեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին։ Որոշումն ընդունվել է գործադիր կոմիտեի առցանց նիստի ընթացքում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հեռավար ձևաչափով անցկացված նիստում քննարկել և 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով հաստատել է ֆեդերացիայի արտահերթ ժողովի կազմակերպման օրն ու ժամը։

Ժողովը տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ փոփոխություններ և լրացումներ են կատարվելու կազմակերպության կանոնադրությունում։

Ներկայումս գործող կարգավորման համաձայն՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար անձը, սահմանված մյուս չափանիշներից բացի, պարտավոր է վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես բնակված լինել ՀՀ-ում և տիրապետել հայերենին։ Ներկայացված նախագծով նախաձեռնողները նպատակ ունեն վերացնել այդ երկու սահմանափակումները։ Միաժամանակ նախատեսվում է անփոփոխ թողնել թեկնածուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու և առնվազն 25 տարին լրացած լինելու պարտադիր պայմանները։

Փոփոխությունների երկրորդ ուղղությունը վերաբերում է ՀՖՖ կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետին, որով կարգավորվում է պաշտոնավարման ժամկետների հաշվարկը։