AM
27 Հոկտեմբեր 2026 - 12:37 AMT

Սիփանիկի վարչական ղեկավարն ու որդին ձերբակալվել են ապօրինի ձկնաբուծության դեպքով

Արարատի մարզի Սիփանիկ բնակավայրում ապօրինի ձկնաբուծության դեպքի առնչությամբ ձերբակալվել են գյուղի վարչական ղեկավարն ու նրա որդին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Սիփանիկ գյուղի վարչական տարածքում ձկնաբուծական գործունեություն է իրականացվում առանց օրենքով սահմանված համապատասխան թույլտվության։

Հոկտեմբերի 22-ին իրականացված ստուգողական գործողությունների ընթացքում իրավապահները պարզել են, որ բնակավայրի վարչական ղեկավարն ու նրա որդին վարձակալության հիմունքներով օգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքում կառուցել են չորս ձկնաբուծական լճակ։ Դրանց շահագործման նպատակով խորքային հորատանցքից յուրաքանչյուր վայրկյան մղվել է 40 լիտր ջուր, մինչդեռ համապատասխան ջրօգտագործման թույլտվություն չի եղել։

Նախնական հաշվարկներով՝ իրականացված գործունեության հետևանքով պետությանը հասցված նյութական վնասը գերազանցել է 17 միլիոն դրամը։ Պատճառված վնասի մի մասն արդեն փոխհատուցվել է։

Մասիսի համայնքային ոստիկանության ծառայողները ձերբակալել են Սիփանիկի վարչական ղեկավարին և նրա որդուն։ Վերջիններս կազմված փաստաթղթերի հետ փոխանցվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։