ՀՀ-ն ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել և չի պատրաստվում խախտել, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ հրապարակված զեկույցին:
«Այնտեղ մեր ԵԱՏՄ գործընկերներն ասում են, որ Վիեննայի կոնվենցիայով այդպիսի բան կա, որ ԵԱՏՄ անդամ պետությանը կարող են հեռացնել կամ սառեցնել անդամակցությունը։ Այո, այդպիսի բան կա, բայց շատ սպեցիֆիկ անկյան տակ կամ հիմնավորմամբ»,- ասել է նա, հայտնում է Radar.am-ը:
Նախարարը շեշտել, որ դրա համար անհրաժեշտ է, որ գործընկերը, որից մյուս գործընկերները միջազգային կամ ինտեգրացիոն կազմակերպությունում դժգոհ են և ուզում են հեռացնել, պետք է խախտի իր պարտավորությունները։
«Հետևաբար իրավական առումով հասկանում եմ, որ գուցե մեր գործընկերները ջանքեր են գործադրել իրավական հիմնավորումներ գտնելու, բայց համաձայն չեմ ներկայացվող հիմնավորումների հետ։ Բոլորս հասկանում ենք՝ իրավականը իրավական, բայց այստեղ քաղաքական մղում կա»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը նաև հավաստիացրել է, որ ՀՀ-ն կազմակերպության շրջանակներում և երկկողմ պարտավորությունները բարեխղճորեն կկատարի ու չի խախտի:
«Բայց, ցավոք, հակառակի օրինակներն ենք տեսնում վերջին ամիսներին: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ինչ էլ լինի, մեր որոշումների ու պահվածքի առանցքում են մեր պետականությունը, ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը, նաև՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։ Սա սակարկության առարկա չենք դարձնի»,- շեշտել է նա։





