AM
27 Հոկտեմբեր 2026 - 12:04 AMT

Ռուբինյանն անվտանգության ծառայողներին հրավիրել է նիստերի դահլիճ՝ Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար

Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո Ազգային ժողովի նիստում միջադեպ է տեղի ունեցել՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի մասնակցությամբ։

Մտքերի փոխանակման ընթացքում ամբիոնին մոտեցած Ղազարյանը սկսել է քննադատել Ռուբինյանի աշխատանքը՝ ելույթը սկսելով «Ցավալի է ձեզ տեսնել Ազգային ժողովի ամբիոնում» արտահայտությամբ, հայտնում է «Ազատությունը»:

Ռուբինյանը պատգամավորին հորդորել է չշեղվել օրակարգից, սակայն Ղազարյանը շարունակել է ելույթը։ ԱԺ նախագահը նախ կարգադրել է անջատել նրա խոսափողը, ապա անվտանգության աշխատակիցներին հրավիրել դահլիճ՝ պատգամավորին ամբիոնից հեռացնելու համար։

Միջադեպը տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր։