ՀՀ ՊՆ Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանից բացի, կաշառքի գործով ևս 2 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Sputnik Արմենիան:
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ մոտ 2 շաբաթ առաջ Գագիկ Գրիգորյանը կալանավորվել է կաշառքի գործով:
«Հաստատում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ: Վերջինս մեղադրվում է զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու գործընթացն ապօրինի կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու մեջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Գրիգորյանը ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի եղբայրն է։ Տարածված տեղեկություններով՝ նա մտերիմ հարաբերություններ ունի նաև պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ։





