Հայաստանի Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքները սկսելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել 27 տարի առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակին։
Այդ կապակցությամբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդես է եկել հակիրճ ելույթով, հայտնում է Sputnik Արմենիան:
«Հարգելի գործընկերներ, ուղիղ 27 տարի առաջ այս օրը այս դահլիճում ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվեցին այն ժամանակվա ԱԺ նախագահը, փոխնախագահները, վարչապետը, կառավարությանը անդամ, պատգամավորներ։ Առաջարկում եմ` մեկ րոպե լռությամբ հարգենք այս ոճրագործության զոհերի հիշատակը»,– ասել է նա։
Մինչ խորհրդարանական նիստի մեկնարկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները ևս ոգեկոչել են Հոկտեմբերի 27-ի զոհերին՝ հարգանքի տուրք մատուցելով Ազգային ժողովի բակում։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ողբերգության հանգամանքների բացահայտման անհրաժեշտությանը։ Նրա գնահատմամբ՝ անցած ութ տարիների ընթացքում հնարավոր է եղել ապահովել գործի արդարացի քննություն և հասնել որոշակի արդյունքների։
«Այս դեպքի վերաբերյալ քաղաքական շահարկումն անընդունելի եմ համարում, բայց մենք սկզբունքային դիրքորոշում ունենք, որ պետք է հասկանալ՝ ինչպես է ամեն ինչ եղել: Կարծում եմ` հարցերը շատ են, ու քննչականի պատասխանատու մարմինները պետք է հասցեատեր լինեն: Հայրս էլ է այդ ժամանակ ԱԺ շենքում եղել, ու բազմաթիվ ընտանիքներ կան, որոնց համար հարցեր կան, պետք է հասկանալ»,– ասել է Կարապետյանը:
Պատգամավորը նաև կարևորել է հասարակության ներսում պառակտման մթնոլորտի վերացումը և ատելության խոսքի զսպումը՝ նմանատիպ ողբերգությունների կրկնությունը կանխելու նպատակով։ Կարապետյանի համոզմամբ՝ հենց այդպիսի հռետորաբանությունն է նպաստում արմատական տրամադրությունների ձևավորմանն ու ուժեղացմանը։
Անդրադառնալով Գլխավոր դատախազության հրապարակած հաղորդագրությանը՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ դրանում ներկայացվել են իրականացված ապացուցողական գործողությունների և հարցաքննությունների վերաբերյալ տեղեկություններ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ արդեն յոթ տարի շարունակ հանրությունը լսում է նույնաբովանդակ պարզաբանումները։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի ղեկավարած զինված հանցախումբը ներխուժել է Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ութ պետական ու քաղաքական գործչի։ Զոհվել են ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ինչպես նաև պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիխ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը։
Ոճրագործությունից հետո հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվել է մեկուկես տարի, իսկ դատական քննությունը տևել է ևս երկուսուկես տարի։
2003 թվականին ավարտված դատավարության արդյունքում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հանցախմբի ղեկավար Նաիրի Հունանյանին, նրա եղբայր Կարեն Հունանյանին, նրանց քեռի Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին և Աշոտ Կնյազյանին։ Հանցախմբի մյուս անդամ Համլետ Ստեփանյանի նկատմամբ սահմանվել է 14 տարվա ազատազրկում։ Ահաբեկչությանը հաջորդած երկու տասնամյակների ընթացքում հանցավոր խմբի ութ անդամներից չորսը տարբեր հանգամանքներում մահացել են։





