AM
27 Հոկտեմբեր 2026 - 13:50 AMT

Միրզոյան․ TRIPP-ի մասով 1-2 փաստաթուղթ կա համաձայնեցնելու, շուտով կավարտենք

TRIPP նախագծի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցման աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել՝ մեկ-երկու փաստաթուղթ շարունակում է մնալ համաձայնեցման և ընդունման փուլում, սակայն ակնկալվում է, որ այդ գործընթացը կեզրափակվի շատ մոտ ապագայում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում՝ ներկայացնելով նախագծի իրականացմանն առնչվող ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման մանրամասները։

Նախարարը պարզաբանել է, որ խոսքը մասնավորապես բաժնետերերի միջև կնքվելիք համաձայնագրի և TRIPP զարգացման ընկերության կանոնադրության մասին է, հայտնում է 1lurer.am-ը:

«Դա բաժնետերերի միջև համաձայնությունն է և TRIPP զարգացման ընկերություն կոչվող ընկերության կանոնադրությունը։ Ուզում եմ նշել, որ TRIPP զարգացման ընկերությունը կհիմնադրվի ՀՀ կառավարության և «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ» ընկերության կողմից։

Հաշվի առնելով զանազան հնարավոր սցենարներ և մտահոգություններ, ասեմ, որ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ»-ը մշտապես գտնվելու է միմիայն ԱՄՆ կառավարության կառավարման և սեփականության իրավունքի ներքո»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ TRIPP զարգացման ընկերության մեջ ՀՀ-ն կունենա 26 տոկոս բաժնեմաս, իսկ ԱՄՆ-ը՝ ի դեմս «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ»-ի, 74 տոկոս բաժնեմաս։

«Այս հարաբերակցությունը կգործի 49 տարով, որով կտրվեն այդ ենթակառուցվածքները կառուցելու և շահագործելու իրավունքները, այնուհետև ժամկետի լրացումից հետո կողմերը հնարավորություն կունենան երկարացնելու համագործակցության ժամկետը ևս 50 տարով։ Եվ ահա այդ դեպքում ՀՀ բաժնեմասերը ավտոմատ կերպով, առանց որևէ հավելյալ ներդրման, կդառնան 49 տոկոս, և «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ»-ին կմնա 51 տոկոսը»,- ասել է ԱԳՄԱ նախարարը։

Մայիսի 26-ին Երևան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Հունիսի 1-ին փաստաթուղթը վերջնականապես ստորագրվել է։