Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ իշխանություններին քաղաքական բռնաճնշումների մեջ մեղադրելը արդարացի չէ՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին ընդդիմության մասնակցությանը։
«Մեր իշխանության օրոք բազմաթիվ համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեղական ընտրություններում պարտվել է, այդ թվում՝ այն ժամանակ, երբ համարվում էր ժողովրդականության պիկը: Դեռ 2018 թվին Կապանում, Աբովյանում մենք մի քանի անգամ պարտվել ենք, Գյումրիում, Մասիսում, Գորիսում: Գորիսում հիմա հաղթեցինք…»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:
Նա հավելել է, որ ոչ միայն ընդդիմադիր համայնքապետներն են կալանավորվում:
«Հաջորդը. ձեր ասածի թելը տանում է այնտեղ, որ այն համայնքապետները, որոնք ընդդիմադիր են, նրանք կալանավորվում են: Բայց ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ բավականին վերջերս կալանավորվել է Մեղրիի գործող համայնքապետը, որը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է: Նկատե՞լ եք դա: Այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ինքն իրեն բռնաճնշո՞ւմ է: Կալանավորվել են «Քաղաքացիական պայմանագրի» նախարարներ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, փոխնախարար, էլի նախարար, քաղաքապետ: Այսինքն՝ արդար չէ, հասկանո՞ւմ եք, մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար»,- ասել է նա:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ Ռուբինյանը մտահոգիչ է համարել որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի ընտրապայքարից դուրս մնալու հանգամանքը։
«Ի՞նչ մեղք ունեմ, որ նրանք ՏԻՄ ընտրություններում խոստացել էին կտրել մեր թևերը, բայց արդյունքում նրանք ոչ միայն չկտրեցին մեր թևերը, այլև չկան: Ի՞նչ անեմ, գնամ, ծեծեմ Նարեկ Կարապետյանի դուռը, ասեմ՝ խնդրում եմ՝ առաջադրվե՞ք: Գնամ, իրենց խմբակցությունից մարդ գտնեմ, ասեմ՝ առաջադրվե՞ք: Ի՞նչ անեմ… Ի՞նչ բռնաճնշում: Կոչ եմ անում ընդդիմադիր գործընկերներին՝ դեռ կան ՏԻՄ ընտրություններ, կոչ եմ անում մասնակցել»,- ասել է նա:
Ռուբինյանը նաև անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում նոր, պետականակենտրոն ընդդիմություն ձևավորելու վերաբերյալ առաջարկությանը։ Ռուբինյանը պարզաբանել է, թե իրենք ասում են՝ բոլորն ունեն շանս ոչ թե իշխող ուժին ենթարկվելու, այլ ընդունելու ժողովրդավարական խաղի նոր կանոնները:
«Մի մասն այդ կանոններն ընդունել է, մի մասը որոշել է դառնալ ռեակցիոն ուժ, մի մասը որոշել է պաշտպանել գողոնը ու ապօրինի ձեռք բերված գույքը: Հետևաբար այն մարդիկ, որոնք որոշել են մնալ հին տրամաբանության մեջ, մեր դասակարգային հակառակորդներն են»,- ասել է նա:
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 21 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ ընդհանուր առմամբ ընտրությանը մասնակցել է 188,514 քաղաքացի:
«Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։





