AM
27 Հոկտեմբեր 2026 - 14:51 AMT

Ջհանգիրյան․ Ազգային անվտանգությունն ունեցել է հոկտեմբերի 27-ի նախապատրաստման մասին տեղեկություններ

Հայաստանի նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն հայտարարել է, որ Ազգային անվտանգությունն ունեցել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության նախապատրաստման մասին տեղեկություններ։

«Հիշո՞ւմ եք՝ ИЦ-ի (ինֆորմացիոն կենտրոնի) մայոր Մելքոն Եսայանին՝ վկային։ Նա ներկա է լինում Էդիկ Գրիգորյանի ծննդյան արարողությանը, և այնտեղ Նաիրին մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարում է, որ իրենք շուտով մտնելու են ԱԺ, գնդակահարեն ու իշխանությունը վերցնեն։ Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Մելքոն Եսայանը զեկուցել է իր ղեկավարին՝ գլխավոր վարչության պետին, նա էլ նրան ուղարկել է համապատասխան օպերատիվ գլխավոր վարչություն, որը պետք է զբաղվեր կանխմամբ»,- ասել է Ջհանգիրյանը, հայտնում է Radar.am-ը:

Ըստ Ջհանգիրյանի՝ Մելքոն Եսայանը նաև ցուցմունք է տվել՝ ասելով. «Այդ մասին անվտանգությունը գիտի, նրանք չեն էլ հասցնի ԱԺ դահլիճ մտնել»։

Նախկին զինդատախազը նաև հայտարարել է, որ ահաբեկիչներից Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել:

«Հայտնաբերեցի մի բան՝ Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել։ Այդ կենդանին, որ իրեն ներկայացնում էր Հայաստանի փրկիչ, 2003-ին առաջադրվում էր որպես նախագահի թեկնածու, իր ցմահ դատապարտման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք չի բերում»,- ասել է նա։

Ջհանգիրյանը պնդել է, որ վստահ է՝ բողոք իրականում ներկայացվել է, սակայն թույլ չեն տվել, որ այն տեղ հասնի։

«Վստահ եմ՝ բերել է այդ բողոքը, ուղղակի այդ բողոքն այնպիսի բաներ է պարունակել, որ օրվա իշխանությունները վտանգավոր են համարել դատարանում էդ բողոքի հրապարակայնությունը, քննությունը վերաքննիչ ատյանում»,- ասել է նա։

Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուս անձանց կողմից իրականացված ահաբեկչական գործողության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում, որի քննությունը վերսկսվել է 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողական և վարութային մի շարք գործողություններ։