AM
27 Հոկտեմբեր 2026 - 15:36 AMT

Միրզոյանն ու Բերենդսենը քննարկել են ռազմավարական գործընկերությամբ նախատեսված քայլերը

Երևանում կայացել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի առանձնազրույցը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Նրանք քննարկել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով նախատեսված քայլերի կյանքի կոչման հնարավորությունները: Այդ մասին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է Արմենպրեսը:

Միրզոյանն ընդգծել է՝ անդրադարձ է կատարվել երկկողմ առաջնահերթություններին, մասնավորապես՝ տնտեսական գործակցությանը:

«Մենք համակարծիք ենք, որ քաղաքական երկխոսությունը բավականին բարձր մակարդակի վրա է, ակտիվ և արդյունավետ: Եվ տեսնում ենք նաև, որ տնտեսական համագործակցությունը ևս քայլ-քայլ առաջ է գնում, թվերն աճում են, բայց նաև տեսնում ենք, որ կա զգալի մեծ, չիրականացված պոտենցիալ: Սա ասելիս՝ նկատի ունենք շատ կոնկրետ ոլորտներ, շատ կոնկրետ ընկերություններ, ուրվագծվող համագործակցություններ: Մասնավորապես, գյուղատնտեսություն, ծաղկաբուծություն, առողջապահություն և ենթակառուցվածքներ: Համագործակցություն է հաստատվել մեր ծաղիկների ու ծաղկի արտադրությամբ զբաղվող ընկերությունների և Նիդեռլանդների աշխարհահռչակ համապատասխան ընկերությունների միջև»,-նշել է Միրզոյանը:

2025 թվականի մարտին Հայաստանն ու Նիդեռլանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։