Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը, որը զուգորդվել է Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության հերթական նիստով։ Քննարկումները համանախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման ու արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանը։
Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության ընթացքում, Հայաստանը և Եվրոպական միությունը գնահատել են բազմաոլորտ բյուջետային աջակցության ծրագրի ներքո իրականացվող բարեփոխումների առաջընթացը։ Կողմերը քննարկել են 2026 թվականի հիմնական հենանիշները, ներառյալ՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանն անհրաժեշտ միջոցառումների առաջընթացը։
Մասնակիցներն ընդգծել են բարեփոխումների իրականացման արդյունավետ մշտադիտարկման կարևորությունը և անդրադարձան մոնիտորինգի համատեղ տեխնիկական կոմիտե ստեղծելու հարցին՝ առաջընթացին պարբերաբար հետևելու նպատակով։
Հայաստանը և ԵՄ-ն նաև քննարկել են տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ոլորտներն ընդգրկող կապակցվածության ծրագրերի փաթեթը՝ ընդգծելով տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման և կայուն տնտեսական աճին աջակցելու կարևորությունը։
Հայաստանը և Եվրոպական Միությունը վերահաստատել են բարեփոխումների առաջմղման, ժողովրդավարական և տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ հանձնառությունը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համակարգումը էներգետիկ ոլորտում պատրաստվածության, բարեփոխումների իրագործման և Հայաստան-ԵՄ գործընկերության առաջիկա առաջնահերթությունների շուրջ։





