AM
27 Հոկտեմբեր 2026 - 17:19 AMT

Ղազինյանը` ՏԿԵ նախարարին․ Ինչո՞ւ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջրի» հետ կապված

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն Ազգային ժողովում «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծի քննարկման ընթացքում քննադատել է պետական գույքի կառավարման համակարգի և Ջրային կոմիտեի գործունեությունը։ Նա անդրադարձել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքին, հայտնում է Panorama.am-Ը:

«ՏԿԵ նախարարը արագ-արագ ճգնաժամի մասին հաղորդում էր գրում ՀԷՑ-ի հետ կապված, թող վերցնեն Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի դիմում-բողոքների ցանկը և կտեսնեն, որ մի քանի անգամ, եթե չասեմ՝ տասնապատիկ ավելի շատ է եղել «Վեոլիա Ջուր» ընկերությունից բողոքները։ Հարց է առաջանում, թե ի՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում Վեոլիայի հետ կապված»,- ասել է Ղազինյանը:

Նա ինքն էլ պատասխանել է, որ դրա «պատճառն այն է, որ պետությունը պետք է ներդրում անի, բայց քանի որ չի կարողանում և համարվում է վատ կառավարիչ, չի անում»:

«Պետգույքի կառավարման և Ջրային կոմիտեն բազմաթիվ անգամ ֆուտբոլի գնդակի պես այս ու այն կողմ են տարել»,-ասել է նա:

Ղազինյանի գնահատմամբ՝ նշված կառույցներն այդ ընթացքում արդյունավետ աշխատանք չեն իրականացրել։ Նա նաև հարցականի տակ է դրել Ջրային կոմիտեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում պահելու նպատակահարմարությունը՝ մատնանշելով ջրամատակարարման խնդիրների պատճառով բնակիչների դժգոհությունները։

«Կարող ենք ունենալ հիմնավոր կասկած, թե այսքան ժամանակ ինչու է մնացել Տարածքային կառավարման նախարարության կազմում, երբ գյուղացիները ջուր չլինելու պարագայում գնում էին գյուղապետի մոտ, և գեներացնում էին բողոքը, հաշվի առնելով, որ Ջրային կոմիտեն և համայնքապետերն էլ ենթարկվում էին ՏԿԵ նախարարին, դրանք չէին լուծվում»,-ասել է նա:

Ընդդիմադիր պատգամավորը բարձրացրել է նաև Ջրային կոմիտեի ոչ արդյունավետ կառավարման պատասխանատվության հարցը: Նա կարծիք է հայտնել, որ Ջրային կոմիտեն արդյունավետ է գործել միայն այն ժամանակ, երբ գտնվել է գյուղատնտեսության նախարարության համակարգում։

Հոկտեմբերի սկզբին արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հայտնել էր, որ «Վեոլիա ջուր» ընկերության դեմ նախաձեռնված խմբային հայցն արդեն պատրաստ է։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարում է, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է անընդհատ և շուրջօրյա լաբորատոր վերահսկողության ներքո և համապատասխանում է սահմանված նորմերին: