AM
28 Հոկտեմբեր 2026 - 11:57 AMT

Նախարար․ Կարևոր է, որ ընտանեկան բռնությունից տուժածը ստիպված չլինի լքել իր բնակության վայրը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ։ Փաթեթը մշակվել է Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավի շրջանակում, հայտնում է նախարարությունը:

Նա կարևորել է, որ տուժած անձը ստիպված չլինի լքել իր բնակության վայրը:

Արփինե Սարգսյանը նշել է, որ նոր կարգավորումներով նտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը կախված չի լինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից:

Նա կարևորել է, որ անգամ բռնության կրկնման ռիսկի բացակայության դեպքում բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառում է իրականցվելու՝ նրանց ոստիկանության ուշադրության կենտրոնում պահելու համար, իսկ տուժողի հետ հաշտվելու կամ զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունը բացառվելու է:

«Կարևոր է բռնություն գործադրած անձին տուժողից մեկուսացնելը և տուժողին մոտենալու հետ կապված սահմանափակումների պահպանման նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականցնելը, որպեսզի տուժած անձը ստիպված չլինի լքել իր բնակության վայրը, պատասխանատու մարմինների կարողությունների զարգացումը, բռնություն գործադրած անձանց վարքագծի փոփոխությանն ուղղված՝ պարտադիր ռեաբիլիտացիոն ծրագրերի իրականացումը՝ բռնության կրկնությունը կանխելու նպատակով»,-ասել է նախարարը:

Արփինե Սարգսյանը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ՝ ընդգծելով, որ հաղորդումների աճը վկայում է ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման և բռնության դեպքերի մասին հայտնելու առավել բարձր պատրաստակամության մասին։